ՌԴ-ն լրջորեն մտահոգված է հոկտեմբեր-նոյեմբերին ԼՂ հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխմամբ
Ռուսաստանի Դաշնությունը լրջորեն մտահոգված է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխման կապակցությամբ: Այս մասին ասված է ռուս-թուրքական ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ նիստին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցության վերաբերյալ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:
«Նախատեսվում է մանրամասն մշակել ընթացիկ հարցերը` կապված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման հետ: Շեշտը դրվելու է հնարավոր բախումների ռիսկերի նվազեցման և կողմերին հումանիտար օգնության տրամադրման վրա: Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխման կապակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ռուսական և թուրքական կողմի քննարկումներում ուշադրության կենտրոնում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման և բոլոր ռազմական գործողությունների վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեության կարգավորումը:
«Այս կենտրոնը դիտարկում ենք, որպես հետկոնֆլիկտային կարգավորման օժանդակ տարր՝ ի լրումն ռուս խաղաղապահների առաքելության և այլ միջոցառումների։ Կենտրոնի խնդիրների մեջ, ինչպես հայտնի է, մտնում է տեսողական դիտարկման մեթոդներով իրավիճակի մոնիտորինգը, մասնավորապես ՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով խախտումների մասին տվյալների հավաքումը, ամփոփումը և ստուգումը»,- նշված է ԱԳ նախարարության հաղորդագրությունում: