«Արդեն պարզ է մեկ բան՝ վարչապետ անձի շուրջ ազգի միասնությունը չի գործում». Հովհաննես Իգիթյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ որքան էլ Ալիևը հայտարարի, որ Արցախի հարցը լուծված է, այդուհանդերձ այդ հարցը կա:

«Ամբողջ հայության համար Արցախի հարց նշանակում է, որ Արցախում պետք է ապրեն արցախցիները, այն մարդիկ, որոնք հազարավոր տարիներ ապրել են այնտեղ: Եթե որևէ մեկը համարում է, որ այդ հարցը լուծված է, ուրեմն՝ լուծված է, ես չեմ համարում, որ Արցախի հարցը լուծված է: Այո, Ադրբեջանը կարողացավ օգտվել ընդհանուր իրավիճակից՝ կորոնավիրուսով ու այլ քաղաքական հանգամանքներով  պայմանավորված, միջազգային հանրության պասիվությամբ, բայց դա չի նշանակում, որ նա կարողացավ լուծել հարցը»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով 168.am հարցին, թե ՀՀ իշխանությունների համար Արցախի հարցը կա՞, թե՞ ոչ:

Նրա խոսքով՝ քաղաքական այն աղմուկը, որն այս օրերին դուրս է գալիս Հայաստանից, դրա մեջ հայկական կողմը կորցնում է շատ կարևոր մեսիջներ՝ ուղղված միջազգային հանրությանը:

Ըստ նրա, այդ մեսիջներից մեկն այն է, թե, օրինակ, հայկական կողմը  թուրքական գործոնը կառուցողական գործոն համարո՞ւմ է, թե՞ ոչ:

«Ես այդպես չեմ համարում, եթե իմ այս հայտարարությունը բոլորի համար է ընդունելի, ուրեմն՝ այդ մեսիջը բոլոր քաղաքական ուժերով պետք է ուղարկենք աշխարհին: Այն է, որ Թուրքիան օգտագործելով իր ռեսուրսները՝ էթնիկական զտումներ է իրականացրել Արցախում և հիմա էլ շարունակում է հայտարարել, որ դերակատարություն ունի: Անկախ այն հանգամանքից, թե ով կլինի վարչապետ… արդեն պարզ է մեկ բան՝ վարչապետ անձի շուրջ ազգի միասնությունը չի գործում: Կարծում եմ՝ Թուրքիայի նպատակն այն է Արցախում, ինչ իրականացրել է Սիրիայի  Իդլիբի շրջանում՝ Արցախը վերջնականապես մաքրի հայերից»,- շեշտեց Հովհաննես Իգիթյանը:

Հաջորդ հարցին՝ ի՞նչ է անում հայկական կողմն այդ ամենը թույլ չտալու համար, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց, որ պետական մակարդակով մեսիջ են ուղարկում Արտգործնախարարությանը, այլ շրջանակների, սակայն դրա մասին չէ խոսքը, այլ հայության ընդհանուր կոնցեպտի մասին:

«Ռուսաստանը հարց է բարձրացնում Արցախում կռվող թուրքական վարձկանների մասին, մինչև հիմա մենք այդ պատասխանը չունենք, այլ ունենք տեղեկություններ, որ ջիհադիստականները շարունակում են մնալ Արցախի տարածքում, մենք այս հարցը պետք է միասնական բարձրացնենք:

Հայաստանի բոլոր կուսակցությունները պետք է այդ հարցը բարձրացնեն, թող երեք անգամ ասեն՝ «Նիկոլ, հեռացիր», բայց մեկ անգամ ասեն, որ Թուրքիան պետք է հեռանա Արցախի հարցի լուծման ձևաչափից:

Եռակողմ հայտարարության յոթերորդ կետը, որտեղ գրված է փախստականների վերադարձի մասին, մեկ օր շուտ պետք է իրականացվի: Օրինակ, ինչու մենք ազգովի չենք բարձրաձայնում հադրութցիների՝ Հադրութ վերադառնալու հարցը, ընդ որում՝ ոչ միայն վերադառնալու, այլև անվտանգ ապրելու հարցը»,- շեշտեց նա:

Մեր հաջորդ հարցին՝ իշխանությունն այդ հարցը բարձրաձայնո՞ւմ է, Հովհաննես Իգիթյանը նկատեց.

«Ես գիտեմ՝ ինչ եք ուզում ասել, ուզում եք ասել, թե դուք՝ որպես պատգամավոր, ի՞նչ եք արել, ինձ դա չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ բոլոր անձինք, քաղաքական գործիչները, կուսակցությունները՝ 17, 18,  այդ հարցը բարձրացնեն»,- եզրափակեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս