Համազգային ներդրումն ի սպաս Արցախի վերածաղկման. մանրամասներ «2021-ը Արցախի տարի» հռչակելու ծրագրից
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Կաթողիկոսը հանդես եկավ 2021-ը Արցախի տարի հռչակելու նախաձեռնությամբ, ինչը մատնանշում է հսկայածավալ աշխատանք տարբեր ուղղություններով: Վեհափառը նախաձեռնության շրջանակում հանդես է գալիս համազգային համախմբման ու ներդրման կոչով: Մանրամասներ ներկայացնելով նախաձեռնությունից՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը նշեց, որ Վեհափառ Հայրապետը 2003 թվականից սկսված ինչ-որ մի տարին նվիրում է ազգային, եկեղեցական, մշակութային արժեքներին կամ դեպքերին: Օրինակ, Աստվածաշնչի, Ընտանիքի, հատուկ խնամքի կարոտ հայորդիների տարի և այլն: Նկատի ունենալով ժողովրդի ամուր կապվածությունը Արցախի հետ, որը հայտնվել է մեր մտահոգությունների կիզակետում, Վեհափառ Հայրապետը 2021-ը հայտարարել է Արցախի տարի:
Վեհափառը, սովորաբար նման պարագայում, պաշտոնական հռչակագիր է հրապարակում: Այս անգամ նույնպես Վեհափառը հռչակագիր է պատրաստել, որտեղ կատարել է մի շարք կարևոր ընդգծումներ: Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը նշեց, որ Արամ Ա կաթողիկոսը նախ ընդհանուր պատմական ակնարկ է կատարել Արցախին, այնուհետև արդի վիճակը ներկայացնելով, նշել է 7 կարևոր կետ:
«Նախ Վեհափառն ընդգծում է, որ Արցախի հետ կապված հայտարարությունը լուրջ կերպով վերանայման կարիք ունի: Այնտեղ այնպիսի ձևով են ներառված կետերը, որ կարող են վտանգել Հայաստանի պետության հիմքերը: Երկրորդն արցախցիների բնակիչների տուն դարձի ապահովման հարցն է, որը Արամ Ա-ն խիստ անհրաժեշտություն է համարել: Երրորդ կետով անդրադարձ է կատարվել գերիների անմիջապես վերադարձի գործին լծվելու հարցին և դրա կենսական կարևորությանը»,-ասաց Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը:
Հաջորդ կետով Վեհափառն ընդգծում է, որ ամեն գնով պետք է պաշտպանել Արցախում մշակութային, հոգևոր արժեք ունեցող վանքերն ու կոթողները: 5-րդ կետում շեշտվում է՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը պետք է դառնա առաջնահերթ։ Այս ուղղությամբ ծրագրված աշխատանք պետք է կատարվի թե՛ Հայաստանի, թե Արցախի և թե Սփյուռքի պետական, քաղաքական կառույցների ու պատասխանատուների կողմից։ 6-րդ կետում առաջ է քաշվում Արցախի վերածաղկման աշխատանքների հարցը: Այստեղ նա ընդգծում է՝ սովորական ծրագրերով ու ընթացիկ աշխատանքներով չի կարելի Արցախը վերականգնել։ Հետևաբար, համազգային ներդրումն ու ներուժն ի սպաս Արցախի վերածաղկման՝ ավելի քան հրամայական են։ Այս համատեքստում առանցքային է Սփյուռքի դերը։
«Այս ուղղությամբ, որպես կաթողիկոսություն, Վեհափառի գլխավորությամբ արդեն որոշ նախաձեռնություններ մեկնարկել են: Օրեր առաջ Արամ Առաջին Կաթողիկոսը հանդես է եկել կոչով՝ օգնելու Արցախի մանուկներին: Վեհափառը նաև կոչ է արել բոլոր թեմերին, որ իր հարմարությունների համաձայն, ակտիվ լինեն Արցախին առնչվող հրատարակչական աշխատանքների, համագումարների, համաժողովներ հարցում»,- ասաց Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը:
«2021-ը Արցախի տարի» հայտարարելու հռչակագրում Վեհափառն այս բոլորի լույսի տակ անհրաժեշտ է համարում նոր ռազմավարության ու մարտավարության մշակումը՝ ելնելով ժամանակակից իրողություններից: Վեհափառը, որպես սկզբունքային կետեր, ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է մնա անսակարկելի, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը պետք է դառնա առաջնահերթություն, Արցախի ժողովրդի թվային աճը, տնտեսության զարգացումը պետք է առանցքային տեղ զբաղեցնի համահայկական օրակարգում:
Վեհափառ Հայրապետի հռչակագիրը պիտի ընթերցվի Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում 2021 թվականի հունվարի 10-ին: