«Սա կազմակերպված տևական դավադրություն է, վերջնամարտն առջևում է՝ դրան պետք է պատրաստ լինենք». Սամվել Թադևոսյան

Արցախյան երեք պատերազմի թոհուբոհով անցած ռեժիսոր Սամվել Թադևոսյանն այսօր Հանրապետության հրապարակում տեղադրված հարթակից դիմելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մարդկանց, հայտարարեց, որ պատիվ է ունեցել մասնակցելու արցախյան պատերազմին և տեսել է, թե ինչպես են հայ արծիվ տղաներն ազատագրում հայրենի հողը։

«Տեսա, թե ինչպես են ազատագրում բզկտված, բռնակցված Արցախը, տեսա հերոսների՝ սեփական հաջողությունները, ընտանիքը, երեխաներին մոռացած։  Ես տեսա Աշոտ Ղուլյան, երջանկություն ունեցա շփվելու Շահեն Մեղրյանի հետ, Դուշման Վարդանի ու դաշնակցական վաշտերի հետ մտել եմ Լաչին։ Աշխարհն է տեսել այդ կադրերը, Դուշմանը նստած Լաչինի պատի վրա, սա մեզ համար ցնծություն էր։ Չլինելով զինվորական, ես 30 տարի տեսա այդ պատերազմը, սխրանքները, զրկանքները։ Տեսա գուլպա գործող տատիկին, որը գուլպաներն ուղարկում էր զինվորներին, տեսա, թե ինչպես են Ստեփանակերտի ռմբապաստարաններում փշրվում 7-8 տարեկան երեխաների ատամները, տեսա անկում, ամեն ինչ տեսա։ Այս իմ կոտրված ձեռքերով թաղել եմ հազարավոր տղաների և երկար ժամանակ ամաչում էի, որ ես ապրում եմ, իսկ նրանք զոհվել են»,- ասաց Սամվել Թադևոսյանը։

Ըստ ռեժիսորի, իր ազգից՝ Թաթոսներից երկուսին հողն են դրել՝ Վարդանին և Թաթուլ Կրպեյանի կողքին մարտնչած Սմբատին։

«Մեկ ամիս առաջ Սմբատի աղջիկն ինձ հարցնում էր՝ հոպար, տունս վառե՞մ, թե՞ չվառեմ, որովհետև Լաչինը տալիս են։ Սմբատի հիմնած գյուղում՝ Քարեգայում, նրա կինն ու որդին նոր հայրենիք ու բույն էին ստեղծել։ Մեկ ստորագրությամբ այդ տղան այսքան ջանքերը,  ամեն ինչ անտեսելով՝ տալիս է թուրքին։ Ի՞նչ պետք է անենք մենք, պետք է լուրջ կեցվածք ընդունենք և պարալիզացնենք այս քաղաքը, անհնազանդության ամենածայրահեղ քայլերին դիմենք՝ արյան կոչ չեմ անում, մենք արյունահեղության չենք գնալու, մենք մեկ նպատակ ունենք՝ փրկել Հայաստանը։ Դեռ չգիտենք, թե այդ պայմանագրի մեջ ինչ կետեր կան, որոնք թաքնված են, հոգով զգում եմ, որ ինչ-որ բան դեռ ավարտված չէ։ Ես գիտեմ, որ մեզ զսպաշապիկ չեն հագցնելու, մենք կամային ժողովուրդ ենք»,- շեշտեց նա։

Սամվել Թադևոսյանը նաև ընդգծեց, որ այս պատերազմում կան ընտանիքներ, որոնք երեք զավակ են կորցրել, կան ընտանիքներ, որոնք դեռ  հազար տարի պետք է սգան։

«Արծրունը մեզ ասում էր, որ մենք թուրքական բնակավայրերի ուղղությամբ չենք կրակելու, թուրք բնակչության հետ թշնամանք չունենք, իսկապես չունենք, բայց նրանք մեզ վրա օգտագործում էին կենսաբանական զենք, մենք կոտորվում էինք, կոտորվում էին Շուշիի բնակիչները։ Սա կազմակերպված տևական դավադրություն էր։ Վերջնամարտն առջևում է՝ դրան պետք է պատրաստ լինենք»,- հավելեց ռեժիսոր Թադևոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս