Վիրավոր զինծառայողի ընտանիքն օգնության կարիք ունի
Գեղամ Ղազարյանը, ում որդին ապրում է Արտաշատ քաղաքում, օգնության կարիք ունի:
Առաջնագծում որդու վիրավորվելուց հետո ամեն ինչ խառնվել է իրար: Ինչպես նա է նշում՝ բուժման համար շատ պարտքեր են կուտակվել, այս պահին ունեն սննդի, ինչպես նաև հագուստի կարիք:
«Որդիս՝ Գևորգը, 20 տարեկան է, վիրավորվել է պարանոցի և ձեռքի շրջանում՝ Մատաղիսում: Երբ տեղափոխեցին հիվանդանոց, բնականաբար, անընդհատ գնում-գալիս էինք, ինչի համար գումար էր անհրաժեշտ: Քանի որ ամենօրյա աշխատանք էի կատարում, դա այս պահին չկա, և կարելի է ասել՝ ծախսերը շատ են, փող գրեթե չկա:
Տղաս դուրս է գրվել հիվանդանոցից, ո՛չ գումար ունեմ, ո՛չ էլ կարողանում եմ հագուստ գնել, որ կարողանա հագնել ու թեկուզև դուրս գա: Բուժվել և դուրս է գրվել, մնում է հետևենք, իսկ դրա համար նաև նորմալ սնվել է պետք, որն այս պահին ապահովել դժվարանում եմ: Դեղորայքն անվճար պետությունը հատկացրել է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացին՝ հավելելով, որ քանի որ մասնագիտություն չունի՝ մի օր այստեղ է աշխատում, մյուս օրը՝ այլ տեղ, և հիմա բացարձակ աշխատանք չկա։ Նա աշխատանք է փնտրում, և եթե առաջարկներ լինեն՝ չի հրաժարվի:
Նրա խոսքով՝ խնդիր ունեն նաև կոմունալների վճարման հարցում: Ընտանիքին օգնելու համար կարող եք կապ հաստատել այս հեռախոսահամարով՝ 077 760443: