Եթե Փաշինյանը հրաժարական չտա, նրանք մնան իշխանության, ապա նույն ճակատագիրը սպասվում է նաև Հայաստանին, ինչ եղավ Արցախի հետ. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մասնակցում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաք-երթին։

Ազատության հրապարակում դիմելով ներկաներին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ժողովրդի հետ անկեղծ է խոսել և երբեք չի ստել։

«Այսօրվա կառավարությունը 2,5 տարի միայն խաբել է, ստել է ժողովրդին, բոլորն իրենց ոլորտներում ձախողել են, խզել են հարևան երկրների հետ բոլոր բարեկամական կապերը։ Դուք կհիշեք՝ հուլիսի 5-ին,  երբ ես ելույթ ունեցա և ներկայացրեցի մեր երկրի առջև ծառացած խնդիրները՝ սոցիալական, քաղաքական, տնտեսական, ասացի՝ ունենք 3-4 ամիս ժամանակ, պատերազմը սկսվել է սեպտեմբերին։ Այն  ժամանակ ինձ լռեցնելու համար իմ դեմ սկսեցին քաղաքական հետապնդումներ։ Ես այդ ժամանակ հայտարարեցի, որ ինձ ձերբակալելով՝ երկրի խնդիրները չեն լուծելու, ժողովրդի վիճակը չեն բարելավելու, համաճարակը չեն բուժելու։ Այո, նրանք մտածված տարան այսպիսի կորստի, 4 ամիս առաջ հնարավոր էր պատերազմը դադարեցնել, անհնարին ոչինչ չկա, սակայն ոչինչ չձեռնարկեցին»,- իր խոսքում նշեց Գագիկ Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունը մտածված է երկիրը տարել պատերազմի, ձախողումների ու կորուստների, դեռ վաղուց է ասել, որ նրանք չեն տիրապետում իրավիճակին և չեն կարողանում որևէ բան կազմակերպել։

«Շփվելով ժողովրդի հետ, տեսնելով ամեն ինչ՝ իշխանություններին տեղեկացրել եմ, բայց նրանք ոչինչ չարեցին, արդյունքում՝ ունեցանք պարտություն, զոհեր, գերիներ․․․ Եթե նրանք մնան իշխանության, ապա նույն ճակատագիրը սպասվում է նաև Հայաստանին, ինչ եղավ Արցախի հետ։ Ամեն ինչ քանդված է, տնտեսություն, կառավարություն չկա, տեսնում եք՝ ինչ է կատարվում, մարդիկ անտեր են, գյուղապետը գյուղացի է ման գալիս, որ տանի սահմանը պահի, Սյունիքում մարդ են ման գալիս, որ սահմանը պահի։ Այսօր իշխանությունն իրավիճակին չի տիրապետում, չի պատկերացնում։ Զոհվածների ու անհայտ կորած զինվորների ծնողներին խաբում են, սուտ են ասում, ժամանակ են ձգում, որպեսզի կարողանան սառեցնել, բայց չեն հասկանում, որ արյունը չի սառում, արյունը չի մոռացվում ու ջուր չի դառնում»,- հավելեց Գագիկ Ծառուկյանը։

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը վայրկյան առաջ պետք է հրաժարական տա, ինչը օգուտ է ժողովրդին ու երկրին։ Նա նաև հիշեցրեց, որ ժամանակին ասում էր՝ գալու է ժամանակ, երբ մարդկանց հաց գնելու համար գումարը չի բավականացնելու, այսօր այդ ժամանակն է։ Հետևաբար՝ իշխանությունը որքան շուտ գնա, այնքան օգուտ կլինի երկրին։

Տեսանյութեր

Լրահոս