Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ արտահերթ զեկույց
Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանները դեկտեմբերի 18-ին հրապարակել են համատեղ արտահերթ զեկույց՝ Արցախում ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների վրա ադրբեջանական հարձակումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը:
Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմանը զուգահեռ՝ դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման են ենթարկվել նաև լրագրողները և նրանց սպասարկող տրանսպորտային միջոցները, որի հետևանքով ծանր վիրավորվել է 7 լրագրող (5 օտարերկրյա ու 2 հայ) և զոհվել է լրագրողական խմբի ուղեկցող 1 անձ: Դիտավորյալ թիրախավորման մասին է վկայում այն փաստը, որ լրագրողները կրում էին հատուկ համազգեստ և տարբերակիչ նշաններ, որոնք առկա էին նաև նրանց մեքենաների վրա: Բացի դրանից, որոշ վկայություններ նշում են, որ հարվածներից առաջ և ընթացքում դեպքերի վայրերում թռիչքներ էին կատարում ադրբեջանական հետախուզական ԱԹՍ-ները, ինչը նշանակում է, որ լրագրողները լիովին տեսանելի ու տարբերակելի են եղել ադրբեջանական զինված ուժերի համար:
Միևնույն ժամանակ պատերազմական գործողությունները լուսաբանելու նպատակով Արցախում գտնվող լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու նպատակով Ադրբեջանը քրեական հետապնդման է ենթարկել և սև ցուցակներում ներառել Արցախում լրագրողական գործունեություն ծավալող արտասահմանյան որոշ լրագրողների: Ավելին, պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական իշխանությունները սահմանափակել են միջազգային լրագրողների անկախ գործունեությունը Ադրբեջանի տարածքում՝ հսկողության տակ պահելով նրանց տեղաշարժը և արհեստական խոչընդոտներ ստեղծելով նրանց համար:
Վերլուծելով լրագրողների թիրախավորման բոլոր դեպքերի հանգամանքները, ինչպես նաև ադրբեջանական կողմի այլ վերաբերելի գործողություններն ու հայտարարությունները՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները հանցավոր նպատակ են ունեցել ամբողջովին մեկուսացնել Արցախը միջազգային տեղեկատվական հոսքերից ու անկախ աղբյուրներից՝ թաքցնելու համար Արցախի ժողովրդի դեմ իրականացվող լայնածավալ ու դիտավորյալ պատերազմական հանցագործությունները:
Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախի ժողովրդի նկատմամբ իրագործվող վայրագությունները լուսաբանելու նպատակով Արցախի արտաքին գործերի նախարարության կողմից հավատարմագրվել են օտարերկրյա 190 լրատվական ընկերությունների 390 լրագրողներ, ինչպես նաև Արցախ են այցելել հարյուրավոր հայ լրագրողներ:
Զեկույցի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ: