«Նիկոլը իր թիմով, սխալ տեղեկատվությամբ ավելի շատ մարդ է սպանել, ավելի շատ զինվորի է մատաղ արել, քան որևէ թուրքական զինտեխնիկա». Արթուր Խաչենց
Արցախցի երգիչ-երգահան Արթուր Խաչենցը, ով մասնակցել է ապրիլյան պատերազմին, արցախյան վերջին պատերազմին ևս առաջին օրվանից մինչև վերջին օրը մասնակցել է և իր «Գինի լից» երգի հայտնի տեսանյութով դարձել պատերազմի սիմվոլներից: 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա մանրամասներ ներկայացրեց պատերազմի ընթացքի, Հադրութի անկման, պատերազմի ընթացքում եղած խնդիրների մասին:
«Հոկտեմբերի 7-10-ն ընկած ժամանակահատվածում թուրքերը անտառներով Ջաբրայիլից (Ջրական) դեպի Հադրութ զորք բերեցին, Հադրութը պաշարեցին: Առաջին «հրադադարի» ժամանակ, որը պիտի լիներ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, արդեն դրանից մեկ ժամ առաջ թուրքերը անմիջապես սկսեցին ոչ հեռահար կրակներով պաշարել և վերցնել մնացած կարևոր բոլոր կետերը: Ես այդ օրերին չարչարվում էի, որ կապ ունենայի և հասկանայի, ինչո՞ւ այդ մասին չեն խոսում, որովհետև ռացիայիս միջոցով ժամը մեկ ռադիո էի լսում և գիտեի՝ ինչ ինֆորմացիա են փոխանցում, ինչ է բլբլում Արծրուն Հովհաննիսյանը: Հոկտեմբերի 12-ին խոսեցի, ասացի՝ ինչո՞ւ եք լռում այս ամենի մասին, որ Հադրութն արդեն չկա, Հադրութը պաշարված է, այնտեղ հայ չկա, թուրքերը ամբողջությամբ վերցրել են, բայց կեղծ ինֆորմացիաներ էին տարածում, թե Հադրութը մեր վերահսկողության տակ է:
Երբ այդ մասին գրեցի, որ մեզ ծաղրածուներ պետք չեն, պետք է զորք, հեղինակություն ունեցող առաջնորդներ, Մոնթեի նման մարդիկ, ովքեր, էլի հետ կգնանք 30 տարի առաջ, Արցախյան ազատամարտի նման կամավորական ջոկատներ կկազմավորենք և գոնե այդ ուժերով կփորձենք, քանի որ դաշտում զինտեխնիկա չէր մնացել, ինչ էլ կար՝ նահանջի հրաման էին տալիս, իսկ հրաման տվողները չէիր իմանում՝ բանակի հրամանատա՞ր է, թե՞ թուրք, որը սպանել, վերցրել է այդ ռացիան: Այդ՝ օրերով անտարբերությունը թե՛ պետության, թե՛ բանակի, թե՛ կառավարության, թե՛ բոլորի կողմից, այնտեղի զինվորին ստիպեց, որ նահանջեն: Երբ հրամանատարին հարցնում էիր՝ ինչու ես զորքդ, զինտեխնիկադ, մի անգամ արկ չկրակելով՝ թողնում-հեռանում, ասում էր՝ ես հրաման եմ կատարում: Երբ այդ մասին չխոսվեց, ես Ֆեյսբուքում պոստ արեցի, ԱԱԾ-ն միանգամից ջնջեց: Ես չեմ ջնջել իմ գրառումը, ԱԱԾ-ի կողմից է հեռացվել»,- պարզաբանեց Արթուր Խաչենցը:
Նա ընդգծեց՝ Արծրուն Հովհաննիսյանն ընդամենը դերակատար է, որին, Խաչենցի խոսքով՝ ինչ տեքստ տալիս էին, այդպես էլ «երգում» էր. «Նա ՊՆ մամուլի բաժնի հետ կապ չուներ, բայց չգիտես ինչու՝ մեր ներկայիս ղեկավարները որոշեցին, որ նախորդ իրավիճակներից ելնելով՝ ինքը կարող է խոսել և ինքը պետք է ներկայացնի, ու ես հիմա զարմանում եմ՝ իրենք ի՞նչ երեսով են դրսում երևում կամ Հայաստանում ապրում: Ալիևը ավելի ճիշտ բաներ էր ասում, քան Նիկոլ Փաշինյանը, նա տղամարդավարի ինչ ասում՝ անում էր, իսկ մենք այնտեղ լքված, անտարբերության մատնված, միայնակ՝ խաղաղ բնակիչերով, կամավորներով, որոշ զինվորներով մնացած մի քանի ջոկատներ էինք, ովքեր ամեն ինչ անում էին, որպեսզի եղանակ փոխեին՝ կյանքի գնով»:
Արթուր Խաչենցի խոսքով՝ նախ և առաջ, տեխնիկայի խնդիր է եղել. «Մարդուժը, հասկացանք՝ պետք էր, բայց բոլոր մարդկանց մոտ էլ ընդամենը 1 «Կալաշնիկով» ավտոմատ էր, 4 «մագազին» պատրոն, և կռվում էինք ԱԹՍ-ի դեմ: Եթե փոքր ԱԹՍ-ներ էին, կարողանում էին սովորական «Կալաշնիկովով» խոցել, բայց մեծերի դեմ անզոր էինք: Մենք անմիջական մարտի 4-5 անգամ ենք բռնվել, մնացած պատերազմը օդային էր, իսկ մեր օդը բաց էր: Օդը հնարավոր էր փակել, եթե հիմա էլ փորփրեն՝ կտեսնեն, որ Ռուսաստանի կողմից զինտեխնիկան եկել է Հայաստան, բայց չի հասել Արցախ, հիմա Թուրքիա են ուղարկել, թե Ադրբեջան են ուղարկել… Համենայնդեպս, Արցախ՝ մեզ մոտ, ինչ պատերազմը սկսել է, միայն Ցորի զորամասից եկել է մի քանի տասնյակ հրանոթ, բայց դրանից բացի՝ Հադրութի կողմի վրա ոչ մի զինտեխնիկա չի եկել»:
Նա ընդգծեց՝ ադրբեջանցիների երկրորդ զենքն այն էր, որ նրանք հայերենի էին տիրապետում. «Իսկ մենք մեր մոտ պետական համալսարաններից հանել ենք թուրքերենի և ադրբեջաներենի ուսուցանումը: Մենք ենք մեր պարտությունը կերտել, նույն կերպ կարող էինք մեր հաղթանակը կերտել, ու քանի հայ ենք, քանի գենետիկա ունենք, պատերազմը չի ավարտվել: Իմ նման էլի տղաներ կան, ովքեր անհանդուրժող են ու երբեք չեն համակերպվի այն մտքի հետ, որ մենք պարտվել ենք»:
Դիտարկմանը՝ ասում են՝ մարդուժի խնդիր է եղել, բայց տոտալ զորահավաք չի հայտարարվել, կամավորներից շատերին Զինկոմիսարիատներից հետ են ուղարկել, գնացածներին էլ շաբաթներով պահել են Գորիսում, նա արձագանքեց.
«Ինձ թվում է՝ իրենք արդեն նախապես մտադրված էին հանձնել, վաճառել Արցախը: Ես էլ հենց առաջին օրը գնացի, համ մահապարտներ եմ գրանցվել, համ օմոն եմ գրանցվել, բայց ինձ ասում էին, թե պետք է ՊՆ-ի կողմից թույլտվություն լինի, որ դու սահմանն անցնես: Ասացի՝ ես Արցախից եմ, ինձ ոչ ոք չի կարող թույլ չտալ՝ ես Արցախը անցնեմ: Այդպես ես ավտոստոպով գնացել-հասել եմ այնտեղ: Այստեղի համակարգից զզված՝ ամսի 27-ից 28 փոխվող գիշերը ժամը 1-ին ենք տեղ հասել, իրենք ամենուր ասում էին՝ սպասեք՝ մինչև ՊՆ-ից թույլատրություն կլինի: ՊՆ-ն չէ, որ ինձ պետք է թույլ տա, որ պահեմ իմ հողը, իմ գյուղը, իմ հայրենիքը, իմ ծնողներին տարհանեմ կամ կանգնեմ զինվորական եղբորս կողքին: Ես կամավոր գնացել եմ, որովհետև ուրիշ տարբերակ չունեի՝ թե խղճիս հանդեպ, թե՛ Աստծուս, թե՛ ընտանիքիս: Ես մինիմալը պետք է սրբապիղծ լինեի, եթե չգնայի, ես հերոսություն չեմ արել»:
Արթուր Խաչենցն ընդգծեց՝ հայկական կողմը, անկասկած, կարող էր հաղթել այս պատերազմում. «Մենք չենք պարտվել, պարտվել է ստոր, վախկոտ ստորագրող ինչ-որ մի հատ խեղկատակ, որ հաստատ համոզված եմ՝ իր մեջ մի կաթիլ անգամ հայի արյուն չկա: Տեսաք՝ Ալիևը ինչ ասաց, ասաց՝ էն, ինչ որ ես չկարողացա անել Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ, Նիկոլի միջոցով արեցի: Եթե Նիկոլը որևէ սրբություն ունենար, ոնց ժողովրդի միջոցով եկել էր, նույն կերպ պետք է հրաժարական տար»:
Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի պատրաստվում հրաժարական տալ, այլև նախորդ շաբաթ ԱԺ-ում հայտարարեց, որ շարունակում է մնալ այն կարծիքին, թե Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, Խաչենցը արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը փաստում է, որ ինքը ադրբեջանցի է, ինքը հայ գենի հետ կապ չունի: Ի՞նչ որոշում կայացնել այն պետության համար, որը քո երեխաներին մորթում է: Իրենք մեզ ձեռք են առնում: Եթե պատերազմ է, ուրեմն՝ բոլորս՝ պատերազմի դաշտ, պատերազմի ժամանակ դիվանագիտություն և մարդասիրություն չեն խաղում»:
Մեջբերեցինք իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանի հայտարարությունը, թե պետք է պատրաստվել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության:
«Ի՞նչ խաղաղության, որ կամաց-կամաց մորթե՞ն հայերին, որ ստիպված լինենք հանդուրժել թուրքի հայացք, ծաղրանք և հուսալքված թողնենք գնա՞նք: Ալիևի նպատակը դա է, որ բերի ադրբեջանաբնակեցնի Արցախը, ու վաղը չէ մյուս օրը՝ Հայաստանը: Այդ մարդու ախորժակը բացվել է, նա արդեն զորահավաք է արել, նրանց ժողովուրդը, որ մինչև այդ վախենում էր հայի դեմ զենք հանել, հիմա արդեն ոգևորվել, մոտիվացվել է, անգամ չկռվողներն են անդամագրվում, դուխավորված գալիս են, որ էլի բաժին վերցնեն, այնքան ուտեն, մինչև մեր ժողովուրդը ուշքի կգա և զոմբիացած, կիսաանգրագետ վիճակում չերկրպագի մի մարդու, ով վաճառեց ամեն ինչ, վաճառեց տղերքի արյան գնով: Իմ տան համար սիրտս չի ցավում, ես տուն էլի կկառուցեմ հայկական որևէ հողակտորի վրա, իմ սիրտը ցավում է նրա համար, որ Նիկոլը՝ իր թիմով՝ Արծրուն Հովհաննիսյան և այլն, սխալ տեղեկատվությամբ ավելի շատ մարդ է սպանել, ավելի շատ զինվորի է մատաղ արել, քան որևէ թուրքական զինտեխնիկա կամ Ալիևը՝ իր ամբողջ էությունից ելնելով: Մեր թշնամին ներսից է, մենք պետք է մեզ ներսից մաքրենք: Նիկոլն ինչի՞ն է սպասում, այդքան ժողովուրդ է դուրս եկել փողոց, այդքան մարդիկ են անտուն, սոված…»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում