«Նիկոլ Փաշինյանը ոչ միայն սպանեց այս 5000 հոգուն, այլև 2-րդ անգամ սպանեց Եռաբլուրի թաղված մեր հերոսներին». Վազգեն Մանուկյան
Այսօր երթից հետո՝ Ֆրանսիայի հրապարակում իր ելույթի ժամանակ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը վստահեցրեց, որ մենք հզոր ազգ ենք, ուղղակի մի փոքր հիասթափված ենք, բայց ոտքի կկանգնենք:
«Մի բան ես չեմ կարողանում հասկանալ: Մի հատ խղճուկ, փոքր մարդ, խաբելով ամբողջ ժողովրդին, եկավ իշխանության, կործանեց ամբողջ երկիրը, և մենք՝ այսքան հզոր, խելոք, անձնազոհ, ազնիվ մարդկանցով էդ փոքր մարդու դեմ ենք պայքարում: Բայց պատկերացնո՞ւմ եք՝ ինքն ինչ արեց: Այստեղից գնում էին ջոկատները ռազմաճակատ: Ինքը ոչ միայն սպանեց էն 5000 հոգուն, որ զոհվել են, ինքը երկրորդ անգամ սպանեց Եռաբլուրում թաղված մեր բոլոր հերոսներին, երկրորդ անգամ սպանեց: Ես նրանց մեծ մասին ճանաչում էի: Ես որ պայքարում եմ, պայքարում եմ ոչ միայն ապագայի համար, այլ նաև մեր այդ տղերքի հիշատակի համար, որոնք զոհվեցին երազելով, որ մենք ունենալու ենք ազատ, արդար, հզոր երկիր: Միայն հանուն դրա պետք է պայքարել մինչև վերջ, չթողնել, որ բլոճների ձեռքը մնա իշխանությունը, և մենք հաղթելու ենք, այդտեղ հարց չկա, նորից ոտքի ենք կանգնելու: Մենք հզոր ժողովուրդ ենք, մենք հիմա իրարից մի քիչ հիասթափվել ենք, մենք ինքներս մեզնից ենք հիասթափվել, մենք ընկճվում ենք, բայց մենք հզոր ժողովուրդ ենք»,- ասաց Մանուկյանը:
Նա պնդեց, որ մենք այս տարածաշրջանի ամենահզոր պետությունն ենք լինելու:
«Ամենաազդեցիկ ենք լինելու, ապահովելու ենք մեր հաջորդ սերունդների համար բարեկեցիկ, երջանիկ կյանք: Մի փոքր խոչընդոտ է, կազատվենք»,- խոսքը եզրափակեց Մանուկյանը՝ իրենց մաղթելով հաղթանակ: