Ականատեսն ենք մի երևույթի, երբ ինստիտուցիոնալ համակարգերը փորձում են վարչապետին դուրս շպրտել իր պաշտոնից. Քաղտեխնոլոգ

Հայաստանում ներքաղաքական օրակարգի թիվ մեկ թեման շարունակում է մնալ վարչապետի հրաժարականի հարցը: Աշխարհիկ, հոգևոր, քաղաքական ու ապաքաղաքական տարբեր գործիչներ ու կառույցներ այս օրերին հանդես են գալիս նույն համոզումով՝ վարչապետի հրաժարականը երկրում առկա ճգնաժամի լուծմանը միտված առաջին քայլն է:

Մերձիշխանական շրջանակներից, սակայն, ի պատասխան տեղի ունեցող գործընթացների, հնչում են տեսակետներ, որ վարչապետի հրաժարականի պահանջն ամենևին ժողովրդի պահանջը չէ, և, որ այս օրերին ցույցերն այնչափ մարդաշատ չեն, որ այն օբյեկտիվորեն կոչվի ժողովրդի պահանջ:

Ի պատասխան նման մոտեցման, սակայն, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշում է, որ այս պայքարը նման չէ բողոքի մնացած դրսևորումներին, այն հիբրիդային է և ունի առավել մեծ մասշտաբներ, որոնք պետք չէ չափել միայն ակցիային հավաքվող մարդկանց թվով.

«Ընդհանրապես, այս շարժումը չպետք է համեմատել, օրինակ, 2018 թվականի հեղափոխություն կոչեցյալի կամ մինչև այդ տեղի ունեցող զանգվածային միջոցառումների հետ, որովհետև այս անգամ, ըստ իս, ավելի հիբրիդային տարբերակ է ունենալու տեղի ունեցողը: Այսինքն՝ մի քանի գործոններ են աշխատելու, և միայն փողոցում եղած զանգվածի քանակը չի լինելու որոշիչ (թեև դա ևս կարևոր է, որովհետև փողոցում եղած մարդկանց քանակը, վճռականությունը, կոնկրետ բարձրացվող հարցերը կարող են պրոցեսներն արագացնել, նոր քաղաքական օրակարգեր բարձրացնել):

Այս անգամ մենք ականատեսն ենք մի երևույթի, երբ, ըստ էության, ինստիտուցիոնալ համակարգերը, ընդ որում, շատ դեպքերում՝ համահայկական ինստիտուցիոնալ համակարգերը, իրար մեջ պայմանավորվելով՝ փորձում են վարչապետին դուրս շպրտել իր պաշտոնից:

Ի՞նչ նկատի ունեմ. տեսեք՝ եկեղեցին՝ երկու կաթողիկոսներով, հոգևոր ազգային ինստիտուտն է, միաժամանակ հայտարարություն արեցին վարչապետի հրաժարականի վերաբերյալ, ինչն աննախադեպ երևույթ է:

ՀՀ բոլոր նախագահները՝ ներառյալ գործող նախագահը, անկախ նրանից, թե իրար մեջ ինչ տարաձայնություններ ունեն, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի շուրջ նույն տեսակետն են հայտնում հրապարակային: Եթե անհրաժեշտ լինի, նաև Արցախի նախկին բոլոր նախագահները նմանատիպ հայտարարությամբ հանդես կգան:

Տեղական ինքնակառավարման (ՏԻՄ) մարմինները՝ համայնքապետեր, գյուղապետեր, հրաժարականի պահանջների շքերթ են սկսել:

Բիզնես էլիտայի ներկայացուցիչները՝ մասնավորապես խոշոր բիզնեսներ ունեցողները և Ռուսաստանի հայ բիզնեսմենները, որոնք մեծ ազդեցություն ունեն, և բոլորս էլ գիտենք, որ իրենց քաղաքական հայտարարությունները շատ դեպքերում համադրվում են պաշտոնական Կրեմլի տեսակետների հետ (թեկուզ և չհայտարարվող, ոչ պաշտոնական տեսակետների):

Քաղաքական դաշտում՝ «կոնսենսուս-1» ֆորմատն է ստեղծվել. բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ դաշտի քիչ թե շատ հայտնի, ազդեցիկ քաղաքական բոլոր ուժերը համակարծիք են վարչապետի հրաժարականի շուրջ: Ունենք մի բավականին լուրջ երևույթ, որը «ինստիտուցիոնալ հեղափոխության» նման մի բան է, և այդ ամենը զուգորդվում է զանգվածային ակցիաներով»,- ասում է նա:

Վիգեն Հակոբյանը հավելեց, որ կազմակերպվող ակցիաները զանգվածի կայունացման և նույնիսկ ավելացման տեսանկյունից դրական միտումներ ունեն. «Մենք տեսնում ենք, որ վերջին օրերին բավականին լուրջ ինֆորմացիոն արտահոսքեր են լինում, որոնք էլ ավելի էմոցիոնալ ֆոն են տալիս այս պայքարին:

Բացի դրանից, եթե ընդդիմությունն իր գործողություններում սկզբնական փուլում կրեատիվ չէր, այսինքն՝ պայքարի ձևը, որը ենթադրում էր միտինգներին պասիվ մասնակցություն, ապա վերջին տասն օրվա ընթացքում մենք տեսնում ենք, որ սկսում են կիրառել նաև որոշակի տեխնոլոգիաներ, որոնք կոչվում են ցանցային կամ ապակենտրոն:

Այսինքն՝ փորձում են նաև հետաքրքրացնել այն մարդկանց համար, որոնք դեռ փողոցում չեն, բայց համակարգչով կամ հեռուստատեսությամբ հետևում են գործողություններին»:

Մեր զրուցակիցը հիշեցրեց նաև, որ նման տեխնոլոգիաներ կիրառում էր նաև Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին:

Նրա գնահատմամբ՝ այս պահին վարչապետի մոտ առկա է ցայտնոտային վիճակ, քանի որ իր դեմ են աշխատում ոչ միայն իր ելույթները, այլ նաև ոստիկանության գործողությունները.

«Մենք տեսնում ենք, որ ոստիկանության ոչ համաչափ, կոշտ գործողությունները նույնպես լարում են զանգվածներին, և ամեն օր մարդկանց քանակը ոչ թե պակասում է, այլ առնվազն կայուն է մնում (եթե չասեմ, որ ավելանում է):

Սա նաև ստուգատես է, թե ինչ ռեսուրս ունի իշխանությունը: Հիմա մենք տեսնում ենք, որ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը հիմնականում ապավինում է միայն մեկ ուժային կառույցի՝ ոստիկանությանը, ինչը, չեմ կարծում, որ անսպառ ռեսուրս է: Փողոց փակելու համար մեծ ռեսուրս պետք չէ ունենալ, սակայն դա կլանում է ոստիկանական մեծաթիվ ուժեր, ընդ որում՝ այդ ուժերը չեն կարողանում միաժամանակ տեղաբաշխվել ամբողջ երկրով մեկ, քաղաքում: Բացի այդ, արդեն ոստիկանությունում էլ է ձևավորվում կարծիք, որ այս ամեն ինչը ժամանակավոր է. չկա վստահություն, որ այս իշխանությունը մնալու է, և արժե այս իշխանության համար անհամաչափ ուժ կիրառել և, այսպես ասած, հայտնվել ապագա իշխանության սև ցուցակներում»,- ասաց նա:

Տեղի ունեցող գործընթացների սպասվող արդյունքներին անդրադառնալով՝ քաղտեխնոլոգը նշեց. «Նախագահը հանդիպումներ է ունենում հիմնական գործող անձանց հետ, ՀՀ նախկին նախագահների հետ, երեկ՝ նաև ընդդիմության միասնական թեկնածուի՝ Վազգեն Մանուկյանի հետ: Կարծում եմ՝ այս կոնսուլտացիաների և շարունակվող այս պրոցեսների արդյունքում ձևավորվելու է ինչ-որ խումբ, որը սկսելու է բանակցել Նիկոլ Փաշինյանի հետ՝ արդեն կոնկրետ նրա հեռանալու շուրջ: Չեմ բացառում սցենարը, որ սկզբից կընտրվի այդ խումբը, որը հետո, հաշվի առնելով այսօրվա գեոքաղաքական իրողությունները և Ռուսաստանի ազդեցությունն այսօրվա Հայաստանի վրա և կոնկրետ Նիկոլ Փաշինյանի վրա, գուցե սկզբից բանակցություններ կվարի այսօրվա գեոքաղաքական կուրատորի հետ, հետո նոր, դրանից ելնելով՝ Նիկոլ Փաշինյանի հետ: Բավականին արագ է լինելու պրոցեսը. կարծում եմ՝ հիմա այդ փուլն է սկսվել:

Իսկ սրա ավարտն այն է լինելու, որ ինչ-որ մի խումբ, ինչպես 1998 թվականին գնաց Լևոն Տեր-Պետրոսյանի հետ խոսելու, ասելու, որ քո տեսակետը մեզ համար ընդունելի չէ, և, ըստ էության, դրա արդյունքում նա հրաժարական տվեց՝ ճանապարհ բացելով եկող ուժերին, կարծում եմ՝ հիմա նման պրոցես է գնալու, որի արդյունքում գնալու են և Նիկոլին ասեն՝ սա է վիճակը»:

Ըստ Վիգեն Հակոբյանի՝ կա նաև համընդհանուր կոնսենսուս՝ ներառյալ Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական ուժը՝ հարցի շուրջ, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են. «Խնդրիրը ժամկետի մեջ է, և, թե ով է կազմակերպելու այդ ընտրությունները: Եվ Նիկոլ Փաշինյանն ԱԺ վերջին սեսիայի ժամանակ իր ելույթում փաստացի առաջարկում էր սակարկություն, ասում էր՝ եկեք խոսենք արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, այլ ոչ թե՝ կոնկրետ հրաժարականի:

Նա, ըստ էության, օրակարգ էր ուզում առաջարկել. այսինքն՝ արդեն ինքն էլ է հասկանում, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են: Ինքը տեսնում է, որ չի կարողանում կառավարել երկիրը. կարող է անունդ վարչապետ լինել, բայց եթե չես կարողանում լիակատար մոնոպոլիա ունենալ ուժի կիրառման, էլ չեմ ասում՝ համարյա չես վերահսկում քո պետության սահմանները, դա նշանակում է, որ դու ռեալ իշխանություն չունես: Եվ միայն ապավինել նրա վրա, որ դեռևս փողոցն էլ իշխանություն չունի, դա որևէ բան գործող իշխանւթյանը չի տալիս, քանի որ դա առնվազն արձանագրում է անիշխանություն»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով են հանդես եկել նաև բժշկական, փաստաբանական, գիտական համայնքները։

Տեսանյութեր

Լրահոս