Եղել է ռազմական և պետական դավաճանություն. իսկական տղերքը դեռ չեն խոսել. Ռուբեն Հովհաննիսյան
Արցախից վերադարձել եմ նոյեմբերի 7-8-ին, վերադարձա և երկու օր անց իմացա այդ խայտառակ կապիտուլյացիայի ակտի մասին, մի բանի մասին, որը մինչև վերջին վարկյանը չէի պատկերացնում, Արցախում կռվող յուրաքանչյուր զինվոր կռվում էր մինչև վերջ, կռվում էր՝ միևնույն ժամանակ իմանալով, որ ֆրոնտը նահանջելով գալիս էր, բայց անգամ այդ դեպքում՝ որևէ մեկը չի մտածել պարտության մասին։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Արցախը հանձնելու վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարությանը, ասաց Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության նախկին պետ, «Ազգային ճակատ»-ի Խորհրդի անդամ Ռուբեն Հովհաննիսյանը։
«Իսկական տղերքը դեռ չեն խոսել, կգա պահը, որ պատերազմի մասնակիցները կասեն ու կկիսվեն։ Այո՛, կապիտուլյացիայի ակտը եղել է անակնկալ։ Բայց միևնույն ժամանակ, անակնկալ էին շատ հայտարարություններ, որոնք արվում էին քաղաքական իշխանության կողմից, անհասկանալի էր քաղաքական իշխանության պասիվությունը։ Ամեն ինչը պառակտող էր և քանդող։ Եղել է պետական և ռազմական դավաճանություն, որովհետև մեր բանակը չէր կարող պարտվել, որովհետև եթե ստորագրեինք էլ հրադադարի պայմանագիր, ապա այն այսպիսի տեսք չէր ունենա։ Ես սա չգիտեմ, թե ինչ էր»,- ասաց Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ շատ գնահատականներ չի ցանկանում հնչեցնել, սակայն շուտով կգա ժամանակը, և իրավիճակի քաղաքական և ռազմական գնահատականը կտրվի։
Ինչ վերաբերում է Արցախի 80 տոկոսը հանձնելուց հետո երկրի ներսում ստեղծված իրավիճակին՝ Ռուբեն Հովհաննիսյանը նշեց, որ իշխանությունը սխալ է գործում, որ հույսը կապում է փողոցների լեփ-լեցուն լինել-չլինելու հետ, այստեղ պետք է նկատի ունենալ, որ մարդիկ հարազատներ ու զավակներ են կորցրել, սգի մեջ են, սակայն, դրանով հանդեձ, Հովհաննիսյանի համար նաև հարց է առաջանում՝ լավ, ինչպե՞ս կարող էր հասարակությունը 50 դրամով հասարակական տրանսպորտի թանկացման համար փողոցը ողողել, Հայրենիքը կորցնելուց հետո նստել տանը։
«Այն ժամանակ Փաշինյանն ու իր նմանները մարդկանց սոցիալական խոստումներ էին տալիս, ու մարդիկ հենց այդ խնդիրների համար էին դուրս գալիս փողոց։ Հիմա ինչ, գան կանգնեն՝ ձեզ սոցիալական խնդիրների վերաբերյալ խոստումներ տա՞ն, ի՞նչ է Վազգեն Մանուկյանն ու մյուս աջակիցները բարձրանան ամբիոն ու խոստում տան, թե գազի գինն էժանանալո՞ւ է, և այլն։ Ինչ է՝ 50 դրամով տրանսպորտը թանկացնելու ժամանակ դուրս եկաք, հայրենիքը կորցնելուց հետո՝ ո՞չ։ Լավ, դուք Ադրբեջանի զորահանդեսը չե՞ք տեսել, հայրենիք եք կորցրել, զոհ եք տվել, ու վտանգված է Հայաստանի անկախությունը, ինչ է՝ կարծում եք, որ Ալիևը կի՞րթ է, ինչպես մեզ հրամցվում է։ Այն մեքենայի վրա, որ փակցված էին մեր մեքենաների համարները… յուրաքանչյուր համարի հետևում մարդկային հարյուրավոր կյանքերն էին, մեր կյանքերը տարան նրանց հրապարակով, լավ, դա էլ չի՞ ազդում ձեզ վրա»,- ասաց Հովհաննիսյանը։
Թե ինչո՞ւ է այդպես, և այս տարիների ընթացքում արդյոք մտավորականների սխալը չէ՞, որ չեն կարողացել հայրենիքի գինն ու արժեքը իմացող քաղաքացի ու հասարակություն ձևավորել՝ հարցերին ի պատասխան՝ Ռուբեն Հովհաննիսյանը նկատեց.
«30 տարվա մեջ և բոլոր ժամանակներում ստեղծել են պետությանը մոտ կանգնած մտավորականներ՝ տալով կոչումներ, պարգևներ, ամառանոցներ, ու հենց այդ կոչումների բեռն է ծանրացել՝ թույլ չտալով մտավորականին ծառայել իրենց կոչմանը»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, թև չի հասկանում՝ ինչո՞ւ 2018 թվականին ի աջակցություն Փաշինյանի Սերժ Սարգսյանից ստացած կոչումները վերադարձնող մտավորականները նույնը հիմա չեն անում, սակայն ճանաչում է շատերի, որոնք սպասում են, որ սահմանները բացվեն, և հեռանան երկրից։
«Ով որ գնաց, ուրեմն Նիկոլի հետ նույն մարդն է, ինչ է՝ կարելի՞ է մի փոր հացի համար երկիրը թողնել ու գնալ»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում



