Արգենտինայի Կոնգրեսի ստորին պալատը հավանություն է տվել աբորտների օրինականացման օրինագծին
Արգենտինայի Կոնգրեսի (խորհրդարանի) ստորին պալատը հավանություն է տվել աբորտների օրինականացման օրինագծին, որն անցյալ ամսին ներկայացրել է երկրի կառավարությունը: Այդ մասին հայտնել է Telam գործակալությունը:
Քվեարկության արդյունքներով՝ օրինագիծը պաշտպանել է 131 օրենսդիր, 117-ն արտահայտվել է դեմ, իսկ վեցը ձեռնպահ է մնացել: Այս որոշումը պաշտպանել են հազարավոր կանայք, որոնք Բուենոս Այրեսում Կոնգրեսի շենքի մոտ սպասել են Պատգամավորների պալատի նստաշրջանի որոշմանը, նստաշրջան, որը շարունակվել է 20 ժամ:
Օրինագծին հավանություն տված պատգամավորներն իրենց ելույթներում նշել են, որ աբորտների օրինականացումը հանրային աղողջապահության խնդիրն է, իսկ դրանց գործող արգելքը՝ երկրում մայրական մահացության հիմնական պատճառներից մեկը: Դրա ընդունումը կնշանակի կանանց օրինական իրավունքների ընդլայնում:
Պատգամավորների պալատում քննարկումից հետո օրինագիծը քննարկման կստացվի Սենատում՝ վերջնական հաստատման համար: Մի շարք դիտորդներ որոշ թերահավատությամբ են վերաբերվում դրա հնարավոր վավերացմանը՝ հիշեցնելով, որ 2018 թվականին այն արդեն մերժվել է Կոնգրեսի վերին պալատի կողմից:
Իշխանությունների տվյալներով՝ Արգենտինայում վատ կատարված աբորտի պատճառով տարեկան հիվանդանոցներում է հայտնվում շուրջ 38 հազար կին, 1983 թվականից ի վեր ավելի քան 3 հազար կին է մահացել այդ պատճառով:
Ներկայումս Արգենտինայում աբորտները թույլատված են սոսկ բռնաբարության, ինչպես նաեւ մոր կամ պտղի կյանքի սպառնալիքի դեպքում: Մնարած դեպքերում հղիության արհեստական ընդհատումը համարվում է հանցագործություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: