«Եթե երկրի փրկությունն ու կայունությունը պետք է լինի հրաժարականը, պետք է բոլորս հրաժարական տանք». Սոֆյա Հովսեփյան

Արդեն տևական ժամանակ է, մամուլը գրում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը պատրաստվում է դուրս գալ խմբակցությունից, սակայն մանդատը վայր չի դնի և կմնա՝ որպես անկախ պատգամավոր։

168.am-ի հետ զրույցում Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ նման լուրեր շրջանառվում են այն բանից հետո, երբ խմբակցությունից դուրս գալու դիմում էր գրել, սակայն մինչև օրս այն չի ներկայացրել։

«Այս պահին էլ դեռ չեմ պատրաստվում դիմումը ներկայացնել, որովհետև կան քայլեր, ու ինձ պետք է ներսում լինել, հասկանալ, գործել։ Գոնե իմ դուրս գալով որևէ բան չի փոխվելու, բացի հասարակության այն սպասումներից, որ բոլորը սպասում են, որ առաջինը ես դուրս գամ։ Ես ինքս երբեք չեմ եղել այն պատգամավորը, որը երբեք չի վախեցել իր կարծիքն ու մոտեցումն ասել՝ թեկուզ խմբակցության ներսում։ Կարծում եմ՝ այն մարդիկ պետք է այդ հարցի շուրջ մտածեն, ովքեր տարակուսել են և հաճախ շատ անարդար են մոտեցել հարցերին զուտ նրա պատճառով, որ կա խմբային մոտեցում և ոչ թե՝ արժեհամակարգային մոտեցում»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջներին և հարցին՝ 2,5 տարի Նիկոլ Փաշինյանի հետ է աշխատել, ի՞նչ է կարծում՝ նա հրաժարական կտա՞, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց, որ չի կարող ասել, քանի որ այդ հարցը որևէ մեկի հետ չի քննարկել։

«Կարծում եմ՝ այս պահին ամեն մեկս պետք է մտածենք երկրի կայունության մասին և ոչ թե՝ պաշտոնի մասին։ Եթե երկրի փրկությունն ու կայունությունը պետք է լինի հրաժարականը, պետք է բոլորս հրաժարական տանք»,- ընդգծեց իմքայլական պատգամավորը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս