«Այժմ ընդդիմությունն է որոշում՝ Փաշինյանի համար ճանապարհները բացվեն, թե՞ ոչ, նա իշխանություն չունի». Հայկ Մամիջանյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ բողոքի ակցիաներ են տեղի ունենում հանրապետության ամբողջ տարածքում: Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ անհնազանդության ակցիաները կտևեն մինչև ժամը 17:00-ն: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Փաշինյանին ողջամիտ ժամկետ էր տրվել հրաժարական տալու համար, ինչն ինքը չի արել:

«Ինչպես տեսնում եք՝ այս պահին ընդդիմությունն է որոշում, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի համար կարո՞ղ են բաց լինել փողոցները, թե՞ ոչ: Պարոն Փաշինյանը չունի իշխանություն ՀՀ-ում, նա անցնցում պետք է հեռանա»,- ասաց Մամիջանյանը:

Ակցիայի ընթացքում ցուցարարներին մոտենում էին քաղաքացիներ և բանավիճում: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահը պնդում է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջին  ընդդիմացող քաղաքացիները քիչ են:

«Այս բոլոր սադրիչները, որոնք ուղարկվում են… բոլորդ այստեղ էիք, կարող եք համեմատել, 3-4 մարդ էր դեմ այս ակցիային, մնացածին ինչ-որ պահից սկսած խնդրում էինք ազդանշան չտալ, որովհետև հնարավոր չէր լսել, թե ի՞նչ է կատարվում:  Փաշինյանը չունի աջակցություն ժողովրդի կողմից, նա չունի իշխանություն: Եթե ինքը սպասում է, որ Հայաստանի բոլոր համայնքները  հատ առ հատ հայտարարեն, որ ինքն էլ իրենց վարչապետը չի, մենք պարզապես  կորցնելու ենք ժամանակ, որը չունենք այս պահին»,- ասաց Մամիջանյանը և վստահություն հայտնեց, որ նմանօրինակ ճնշման արդյունքում Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա:

Հայկ Մամիջանյանի պնդմամբ՝ ստեղծված իրավիճակի լուծման երկու տարբերակ կա:

«Կամ մե՛նք պետք է հոգնենք, կամ իրե՛նք, քանի որ մենք պայքարում ենք արդար գործի համար, չենք պայքարում աթոռի համար, պայքարում ենք մեր հայրենիքի, արժանապատվության համար, մենք հոգնել չունենք, իսկ պարոն Փաշինյանը չունի ավելի թանկ բան, քան իշխանությունն է: Կհրաժարվի, ես վստահ եմ»,- ասաց Մամիջանյանը և անակնկալներ խոստացավ:

Տեսանյութեր

Լրահոս