Վազգեն Մանուկյանի մասին հրապարակվել է ավելի շատ դրական հոդված. «Մեդիա պաշտպան»
2020 թ-ի դեկտեմբերի 3-ից 6-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 10 լրատվական կայք՝ Hraparak.am, Yerkir.am, Aravot.com, News.am, Tert.am, Panorama.am, Aysor.am, Azatutyun.am, Armlur.am և Yerevan.Today։ Մշտադիտարկման արդյունքում ընտրված 10 կայքերում հայտարարագրվել է 252 հոդված, որից 43-ը բացասական են, 81-ը՝ դրական, 128-ը՝ չեզոք։
Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ ՀՀ նախկին վարչապետ, ընդդիմադիր քաղաքական ուժերի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի մասին հրապարակվել է ավելի շատ դրական, քան բացասական հոդված։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վազգեն Մանուկյանին և դավադիր ստահակին հակադրելը իշխանական քարոզչության կեղծ թեզ է։ Ստահակի գնալը այլընտրանք չունի պետություն պահպանելու տեսակետից, ուստի կամ/կամ գոյություն չունի։ Ստահակ vs Ժողովուրդ իրական դիխոտոմիան շատ լավ հասկանում է նաև Հայաստանի առաջին նախագահը, թեպետ ինքն էլ անհատների հակադրման սխեման կիրառեց։ Հիշեցնեմ նաև, որ դեռ 2007 թվականի հոկտեմբերի 8-ին նա հանդիպել էր Վազգեն Մանուկյանի հետ և վերականգնել անձնական հարաբերությունները»։
Մամուլում նշվում է, որ Վազգեն Մանուկյանը փաստացի ամենակոմպրոմիսային թեկնածուն էր, որի անձին համաձայնվել են գրեթե բոլոր քաղաքական ընդդիմադիր ուժերը։ Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն իրենց խոսքում նշում են, որ Վազգեն Մանուկյանը ազգային համաձայնության կառավարության գլուխ կարող է լինել, և առնվազն մեկ տարի արտահերթ ընտրություններ չեն լինի, իսկ Վազգեն Մանուկյանը կձևավորի պրոֆեսիոնալ կառավարություն։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնություն