Կփորձենք տհաճություններ պատճառել բոլոր հավաքականներին. Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանության արդյունքները:
«Կարծում եմ՝ վատ խումբ չէ մեզ համար: Հիմա հեշտ մրցակիցներ չկան, բայց կարող եմ ասել, որ խումբն ամենաբարդը չէ: Տարբեր խաղաոճերով հավաքականների դեմ ենք խաղալու և կփորձենք հնարավորինս լավ պատրաստվել և պայքարել բոլոր թիմերի դեմ: Կձգտենք տհաճություններ պատճառել բոլոր մրցակիցներին և շատ միավորներ վաստակել»,- ասել է հայ կիսապաշտպանը:
Ավելի վաղ շվեյցարական Ցուրիխ քաղաքում կայացավ ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընդգրկվեց J խմբում, որտեղ կմրցի Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հետ: