«Վստահ եմ, որ վարչապետն այդ ուղղությամբ ձեռնարկում է համապատասխան քայլեր». Նազելի Բաղդասարյան

Այսօր տեղեկություն տարածվեց, որ Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում փակ նիստ է անցկացրել, որին մասնակցել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահը նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հարձակման էր ենթարկվել մի խումբ քաղաքացիների կողմից, որից հետո մի քանի վիրահատության է ենթարկվել և վերջին օրերին ապաքինման փուլում էր։

168.am-ը հանդիպման օրակարգի մասին տեղեկացավ պատգամավոր Նազելի Բաղդասարյանից: Պատգամավորը նշեց, որ նիստը փակ չի եղել. «Ընդհանուր ֆրակցիայի նիստ է եղել։ Պարոն Միրզոյանը աշխատանքի էր դուրս եկել և ցանկություն էր հայտնել նաև ֆրակցիայի անդամների հետ հանդիպելու:

Ընդհանուր ներքաղաքական հարցեր ենք քննարկել, և առաջիկա անելիքները, նաև՝ ԱԺ-ն ինչ օրակարգով պետք է հանդես գա, քանի որ բոլորս գույքագրել ենք այն առկա օրենսդրական բացերը, որը ունենք,  այս հետպատերազմյան շրջանում՝ որ օրենքում ինչ պետք փոխենք, որ արագ լուծումներ ստանան խնդիրները»:

– Արդյոք անդրադարձ եղե՞լ է «Իմ քայլը» խմբակցությունը լքող պատգամավորների թեմային:

– Ես գոնե տեղեկացված չեմ նման զրույցներից. տեղյակ չեմ, որ մեկնաբանեմ:

Իսկ երկրում առկա մթնոլորտի վերաբերյալ կոնկրետ հարցեր քննարկվե՞լ են:

– Մեր հիմնական մոտեցումն այսպիսին է, որ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք երկրում կայունություն ապահովել, որովհետև մեր ներքաղաքական անկայուն կամ որոշակի զարգացումները կարող են վատ ազդակներ լինել հակառակորդ երկրի համար: Դրա համար պետք է փորձենք ամեն կերպ երկխոսել տարբեր քաղաքական ուժերի, հասարակական զանգվածների, քաղհասարակության հետ, որպեսզի կարողանանք ստաբիլություն բերել երկրին, որը օր առաջ բոլորիս պետք է:

– Ըստ Ձեզ՝ Ձեր մոտ կստացվի՞՝ հաշվի առնելով առկա այն կտրուկ դիրքորոշումները, որ լուծումը միայն վարչապետի հրաժարականի մեջ է, և այն հայտարարությունները, թե «Իմ քայլը» խմբակցությունը պետք է կարողանա օրենսդրորեն ապահովել իշխանության անցնցում փոխանցումը:

– Այդ պարագայում՝ կարող եմ ֆրակցիայի անունից ասել, որ մեր օրակարգում նման մոտեցում չկա, և կարծում եմ, որ արտախորհրդարանական ուժերի կողմից էլ պետք է օրակարգ լինի ոչ թե ինչ-որ մեկին պաշտոնից հեռացնելը, այլ բոլորիս միակ նպատակը պետք է լինի օր առաջ հայրենիքում կայունություն ապահովելը:

Եթե բոլորիս տեսակետները և ելակետը բխի այդ կետից, այսինքն՝ հայրենիքի համար հայրենիքի փրկության ծրագիր լինի, որ մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի բանակցային սեղանին ավելի հստակ և ուժեղ դիրքերից հանդես գանք, ապա, կարծում եմ՝ մենք երկխոսելու տեղ կունենանք այն բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնց համար կարևորը հայրենիքն է, պետությունն է և Հայաստանի շահը:

– Տիկի՛ն Բաղդասարյան, այսինքն Դուք համամիտ չե՞ք այն տեսակետի հետ, որ բանակցային սեղանի շուրջ շահեկան դիրք ունենալու համար պետք է բանակցողը փոխվի:

– Ես կարծում եմ, որ Հայաստանը՝ որպես պետություն, պետք է ուժեղ և կայացած լինի, որովհետև, գիտեք, բանակցային գործընթացները կարող են բավականին երկար տևել, բայց դրա միակ հաջողության երաշխիքը Հայաստանում ներքաղաքական միասնությունն է նաև, որ բոլոր քաղաքական ուժերը գան-հասնեն մեկ եզրակետի և հասկանան՝ որն է Հայաստանի լավագույն շահը: Պետք է խոսենք այդ տեսանկյունից:

– Այսինքն՝ համամիտ չեք, որ պետք է վարչապետը փոխվի, բանակցողը փոխվի:

– Ես իմ տեսակետը ներկայացրի, որ այս պարագայում մեզ համար խիստ կարևոր է Հայաստանի ներքին կայունացումը, և ես վստահ եմ, որ վարչապետն այդ ուղղությամբ ձեռնարկում է համապատասխան քայլեր:

Տեսանյութեր

Լրահոս