Պետք է ոտքի կանգնենք, իսկ դա հնարավոր է. Արմեն Սարգսյանը՝ Մոսկվայում

Մասնավոր այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ։

Հանդիպման մասնակիցներն իրենց հարցերի միջոցով ցանկացել են անմիջապես Հայաստանի նախագահից տեղեկանալ Արցախի շուրջ վերջին զարգացումների և Հայաստանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև իրավիճակից դուրս գալու ելքերի մասին՝ ներկայացնելով նաև իրենց առաջարկությունները։

«Այս օրերը շատ դժվար են բոլորիս համար,- իր խոսքում նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։ -Որպես նախագահ՝ իմ պարտականությունն է՝ խոսել ժողովրդի հետ՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում։ Մեզնից յուրաքանչյուրը սրտում և մտքում մեծ ցավ ունի, ամեն օր իր հետ է տանում այդ ցավն ու դժվարությունը։ Այս ցավը միայն արցախցիներինը կամ հայաստանցիներինը չէ, բոլորինս է»։

Հայաստանի նախագահն ասել է, որ մինչ Մոսկվա մեկնելն այցելել է արաբական մի շարք երկրներ, հանդիպել նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

«Յուրաքանչյուր համայնքում հանդիպելիս կիսել ենք մեր ցավը, շատերն ունեին զայրույթ, պահանջներ։ Նախագահի պարտականությունն է՝ բոլորը լսել և կիսվել դիտարկումներով»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ ընդգծելով, որ ցավն ու կորուստը չափազանց մեծ են՝ ոչ միայն Արցախի մեծ մասի, այլև հազարավոր հայ երիտասարդների կորուստ, վիրավորների մեծ թիվ, տարաբնույթ հսկայական դժվարություններ։

Նա վերստին շեշտել է, որ պետք է ոտքի կանգնենք, իսկ դա հնարավոր է, եթե ձեռք ձեռքի տանք, մոռանանք մեր տարբերությունները, չբաժանենք մեզ սև ու սպիտակի, հասկանանք, որ բոլորս հայ ենք, բազմամիտք, բազմագաղափար․

«Մեր բոլոր բարեկամները ցավում են, որ պատերազմում պարտվել ենք, բայց մեզ բոլորը հարգելու են, եթե դրանից հետո կարողանանք կանգնել և քայլել, այս պարտությունից քաղած մտքերով, սխալներից սովորած՝ առաջ գնանք, նորից կառուցենք երկիր, որով բոլորս հպարտ ենք, կառուցենք բանակ, որը հաղթական է լինելու»։

Հանդիպման մասնակիցներն իրենց տարաբնույթ հարցերն են ուղղել Հանրապետության նախագահին։ Մտահոգություններն են հայտնվել պատերազմի, դրա ընթացքի, իբրև ավարտ ստորագրված փաստաթղթի բովանդակության վերաբերյալ։

Նշվել է նաև, որ ներկայիս կառավարությունը պետք է հեռանա, որովհետև այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ազգային աղետ է։ Ասվել է, որ անվստահություն կա կառավարության հանդեպ՝ երկիրը ոտքի կանգնեցնելու առումով, մանավանդ որ, կառավարությունն ինքն էլ է ընդունում, որ սխալներ է գործել և ճիշտ չի գնահատել իրավիճակը։

Անդրադարձ է կատարվել Հանրապետության նախագահի՝ օրերս հնչեցրած այն առաջարկին, որ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ մինչ այդ պետք է ստեղծվի ազգային համաձայնության կառավարություն։

Դժգոհություններ են հայտնվել նաև նախագահի և նախագահական ինստիտուտի վերաբերյալ, միաժամանակ, նշվել է, որ այն Հայաստանում իշխանության միակ ինստիտուտն է, որը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը՝ կոչ արել կառավարությանը հրաժարական տալ։ Ասվել է նաև, որ պատերազմի օրերին սփյուռքն աննախադեպ համախմբվածություն ու նվիրում է ցուցաբերել և հիմա խոր հիասթափություն է ապրում, հատկապես, երբ տեսնում է, որ անորոշությունը շարունակվում է, և չկա ճգնաժամից դուրս գալու հստակ ծրագիր։ Տեսակետ է հայտնվել, որ կառավարության հրաժարականը և համաձայնության կառավարության ձևավորումը խթան կլինի, որ վստահությունը վերականգնվի։ Առաջարկ է հնչել նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու վերաբերյալ։

Մանրամասները՝  տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս