«Եթե իշխանության ավագանու թիմում կան ադեկվատ անդամներ, ապա պետք է, որ միանան մեր կոչին». Թեհմինա Վարդանյանը՝ իշխանության հրաժարականի պահանջով հայտարարության մասին

Երևանի ավագանու նոյեմբերի 24-ի նիստի ժամանակ «Լույս» խմբակցության ներկայացուցիչներ Դավիթ Խաժակյանը և Թեհմինա Վարդանյանը հայտնեցին, որ ավագանու ուղերձի նախագիծ են մշակել, որի հիմքում է գործող իշխանության անցնցում հեռացումը, ինչը վերաբերելու է նաև ավագանուն: Առաջարկվել էր հայտարարության քննարկման համար արտահերթ նիստ հրավիրել:  Այսօր 168.am-ի հետ զրույցում Թեհմինա Վարդանյանն ասաց, որ նախագիծը մշակված և ներկայացված է: Հայտարարությունն ի սկզբանե ստորագրել էին միայն այն ներկայացնողները: Մեր հարցին, թե ավագանու այլ անդամներ միացե՞լ են,  «Լույս» խմբակցության ավագանու անդամը պատասխանեց, որ դեռևս արձագանք չկա:

«Կարծում եմ, որ արձագանք լինելու պարագայում հրապարակային կլինի, այնուամենայնիվ, այն ավագանիները, ովքեր կմիանան մեր ուղերձին, դա կանեն  հրապարակային, դեռևս որևէ լուր չունենք»,- ասաց Վարդանյանը:

Մեր հարցին, թե կա՞ արդեն արձագանք Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից, Թեհմինա Վարդանյանը պատասխանեց.

«Զրո արձագանք: Քաղաքապետը, իր մտերիմ շրջապատի փոխանցմամբ, վարակվել է կորոնավիրուսով: Ես իմ անձնական կարծիքը, մտածածը, ենթադրությունները դնելով մի կողմ՝ հուսով եմ, որ կորոնավիրուսը չի ազդում ուղեղի, կամարտահայտման, մտածողության վրա, այնուամենայնիվ, սպասում ենք արձագանքի»:

Թեհմինա Վարդանյանը հույս հայտնեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների մեծ մասը չի իմացել նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված փաստաթղթի մասին:

«Մեծ հույս ունենք, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում կգտնվեն դեռևս սթափ մարդիկ, ովքեր ռեալ կգնահատեն իրավիճակը և չեն ընկնի Փաշինյանի  ստեղծած թակարդի մեջ: Որքանով էլ որ «Իմ քայլը» խմբակցության յուրաքանչյուր անդամ ունի իր մեղքի բաժինը՝ կապված այս իշխանությունների հետ, դա ակնհայտ է, բայց այնուամենայնիվ կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրման մասին գոնե ավագանու մեծամասնությունը, ես հույս ունեմ,  տեղեկություն չի ունեցել, չի իմացել, որքանով էլ որ մեկը մեկի կինն է, մեկը մյուսի եղբայրն է: Այսինքն՝ այդ խնամի, ծանոթ, բարեկամ եզրույթը այժմ՝ այս իշխանությունների օրոք, ավելի քան ակտուալ է, ավագանու անդամներից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի եղբայր է, մեկը պատգամավորի կին է: Ես հույս ունեմ, որ ավագանու գոնե մեծամասնությունը չի իմացել ստորագրվող փաստաթղթի և դավադիր մտադրությունների մասին: Ժամանակն է, որ այդ մարդիկ էլ սթափվեն և միանան մեր ուղերձին: Այստեղ էական չէ՝ ուղերձ ներկայացնողը Դավիթ Խաժակյանն ու Թեհմինա Վարդանյա՞նն են, թե՞ ով, դա հարթակ է, որով մենք կարող ենք մեր բողոքի ձայնը բարձրացնել, և եթե իշխանության ավագանու թիմում կան ադեկվատ անդամներ, ովքեր ռեալ են գնահատում իրավիճակը, պետք է միանան կոչին»,- ասաց Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նոյեմբերի 24-ի նիստում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պարտադիր լինելու մասին խոսեցին նաև ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները: Խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը նշեց, որ սխալն ընդունելը բավարար չէ:

«Ձեր իշխանությունը ձախողել է ամեն ինչ, ինչ հնարավոր էր, հիմա կանգնել այստեղ ասել, որ մենք ընդունում ենք մեր սխալը, ու այդ խոսքերով եզրափակել այս ամեն ինչը, դա սխալ է: Ձախողված և հողատու վարչապետն այլևս հանդիսանում է պարտության սիմվոլ, մինչև չհեռանա Նիկոլ Փաշինյանը, կարծում եմ, համերաշխություն չի լինի մեր երկրում»,- ասել էր Մանրիկյանը:

Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն էլ ասել էր, որ ինքը ևս պահանջում է վարչապետի հրաժարականը:

«Ինքս էլ պահանջում եմ վարչապետի հրաժարականը ոչ թե այն պատճառով, որ իմ կուսակցությունը չի ներկայացնում էդ մարդը, այլ պարզ մի պատճառով, որ ես ինքս էլ պահեստազորի սպա եմ և երբևիցե պարտված հրամանատարի հետ չեմ կարող մտնել մարտի դաշտ, արդեն պարտվողի հոգեբանությամբ: Գոնե ինքս ինձ համար փոփոխություն եմ ուզում, որ թե՛ մարտական ոգին բարձրանա, թե՛ շատ հարցեր լուծվեն»,- ասել էր Հարությունյանը:

Ավագանու «Լույս» խմբակցության հայտարարությանը միանալու մասին ավագանու անդամների հանրային այլ ելույթներ չէին հնչել:

Տեսանյութեր

Լրահոս