«Ես՝ որպես պահեստազորի սպա, երբևիցե պարտված հրամանատարի հետ չեմ կարող մտնել մարտի դաշտ». ավագանու ԲՀԿ-ական անդամը՝ վարչապետի մասին

Այսօր Երևան քաղաքի ավագանու նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն իր ելույթում նախ հայտարարեց, որ մայրաքաղաքում ավելացել են ապօրինի շինությունները:

«Ցավոք սրտի, պատերազմի ընթացքում շատ վատ տեսարանների ականատես եղանք, երբ Երևանում մարդիկ, օգտվելով այդ առիթից, շարունակում էին իրենց ապօրինի ինքնակամ շինությունների թիվն ավելացնել, որն ամենևին էլ ողջունելի չէ»,- ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ ինքն արդեն 2.5 տարի խոսում է ապօրինի շինարարությունների մասին և ասել է, որ անհրաժեշտ է ինչ-որ պահի այդ ոլորտն ամբողջությամբ  բերել օրենքի դաշտ, իսկ հիմա  չի տեսնում այն մեխանիզմը, որով դա արվելու է: Ելույթի ընթացքում Հարությունյանն անդրադարձավ նաև վարչապետի հրաժարականի պահանջի հարցին:

«Ինքս էլ պահանջում եմ վարչապետի հրաժարականը ոչ թե այն պատճառով, որ իմ կուսակցությունը չի ներկայացնում էդ մարդը, այլ պարզ մի մի պատճառով, որ ես ինքս էլ պահեստազորի սպա եմ և երբևիցե պարտված հրամանատարի հետ չեմ կարող մտնել մարտի դաշտ, արդեն պարտվողի հոգեբանությամբ: Գոնե ինքս ինձ համար փոփոխություն եմ ուզում, որ թե՛ մարտական ոգին բարձրանա, թե՛ շատ հարցեր լուծվեն»,- ասաց Հարությունյանը:

Նա նաև ասաց, որ շատ է լսում հարցը, թե ինչ է, վարչապետը չպե՞տք է կանգնեցներ պատերազմը, չպե՞տք է մարդկանց կյանքեր փրկեր:

«Ոչ մեկը չի մեղադրում նրան պատերազմը կանգնեցնելու մեջ, բոլորը մեղադրում են նրան երկիրն այս վիճակին հասցնելու մեջ»,- եզրափակեց Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս