«Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Բերձորում հայ բնակչությունը պետք է ապրի». Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավար

Նոյեմբերի 10-ից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի մեծ մասը թշնամուն հանձնելու վերաբերյալ եռակողմ համաձայնության հայտարարությունը, Արցախի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Բերձորում, բնակիչներն անորոշության մեջ են հայտնվել. Չգիտեն՝ թողնե՞ն Բերձորը, թե՞ ոչ, քանի որ նրանց հստակ չի ասվում՝ Բերձորը մնալո՞ւ է հայկական վերահսկողության ներքո, թե՞ ոչ։

Ըստ վերը նշված հայտարարության, մինչև դեկտեմբերի 1-ը Բերձորը պետք է հանձնվի թշնամուն՝ հայկական կողմի համար թողնելով 5 կմ լայնության ճանապարհ։

168.am հետ զրույցում Քաշաթաղի շրջանի ղեկավար Մուշեղ Ալավերդյանն ասաց, որ այս պահին պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Բերձորում հայ բնակչությունը պետք է մնա և ապրի։

Հարցին՝ Արցախի նախագա՞հն է նման տեղեկատվություն տվել, թե՞ Արցախի արտգործնախարարությունը, Մուշեղ Ալավերդյանը պատասխանեց. «Այդ հարցին չեմ պատասխանի, բայց պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Բերձորում հայ բնակչությունը պետք է ապրի։ Այս պահին էլ Բերձորում հայ բնակչությունն է ապրում։ Այդ տեղեկատվության համաձայն՝ Բերձորը, Սոսը և Աղավնոն մնալու են հայկական։ Բայց դեռ հայտնի չէ, այդ գյուղերը մնալու են հայկական զինված ուժերի՞, թե՞ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։ Ճիշտն ասած, ես սրա հետ կապված տեղեկատվություն չունեմ։ Գուցե լինի ռուս խաղաղապահների, կամ հայ զինվորների հոսկողության տակ, ամեն դեպքում մանրամասներին տեղյակ չեմ, կարծում եմ՝ կպատասխանեն կոմպետենտ մարդիկ»։

Ի դեպ, պաշտոնական տեղեկատվության որևէ տեղ այդպես էլ չհանդիպեցինք, և, ինչպես նախորդ 20 օրերին, այնպես էլ այսօր Բերձորի ճակատագրի հետ կապված որևէ հստակություն չկա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնայնության արդյունքում՝ նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

 

Տեսանյութեր

Լրահոս