«Գործընթացները շարունակվում են. մենք օր օրի արդեն Հայաստանից ենք մեծ կտորներ կորցնում». Սաթիկ Սեյրանյան
Հայաստանյան լրատվամիջոցների մի խումբ խմբագիրներ այսօր այցելեցին Կառավարության շենքի մոտ հացադուլ հայտարարած քաղաքացիներին, որոնց մեջ է նաև նրանց գործընկեր Գեղամ Մանուկյանը։
Ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այցի ընթացքում հորդորել են Գեղամ Մանուկյանին, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանին՝ դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով նրանց առողջական վիճակը։
«Ինչպես տեսնում ենք՝ պարոն Բալայանն անդրդվելի է, իր համոզմունքների կրողն է և հրաժարվում է, անկախ այն հանգամանքից, որ բժիշկների կոնսիլիումը նման որոշում էր կայացրել»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը։
Հարցին՝ խմբագիրների համար սպասելի՞ էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իրենց նախկին գործընկերը, չի այցելի իր նախկին գործընկեր Գեղամ Մանուկյանին, Սաթիկ Սեյրանյանը պատասխանեց, որ իրենց համար սպասելի էր, որ նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանը չի մոտենալու հացադուլավորներին, դա ի սկզբանե պարզ էր։
«Ինչպես Գեղամն է ասել, չի էլ սպասում, որովհետև ըստ էության համարում եմ, որ այժմ ինչ-որ իմաստով անիշխանություն է, և պետք է նույնիսկ մոռանալ այն հանգամանքը, որ ի պաշտոնե որևէ մեկն այդ պաշտոնը զբաղեցնում է, և պետք չէ սպասել, որ նա երբևէ կմոտենա, կամ կհիշի, որ ինքն էլ է երբևէ լրագրող եղել, որ ինքն էլ է ինչ-որ բաների դեմ պայքարել, և այս բոլոր գործընկերներն իր կողքին են կանգնել։ Անկախ այն հանգամանքից, թե որքանով են կիսել նրա այդ գաղափարները, բայց հաշվի են առել, մտածել են, որ նա գաղափարների կրող է, և կանգնել են նրա կողքին։ Այնպես որ, Գեղամն էլ, մյուսներն էլ ասացին, որ իրենք չեն պայքարում Նիկոլ Փաշինյանի դեմ, համարում եմ, որ իրենք փորձում են այս ծայրահեղ ճանապարհով արթնացնել հասարակությանը, որովհետև ինչպես տեսնում ենք, դեռ գործընթացները շարունակվում են, և մենք օր օրի արդեն Հայաստանից ենք մեծ կտորներ կորցնում»,- հավելեց Սաթիկ Սեյրանյանը։
Հաջորդ հարցին, թե հստակ կարո՞ղ են ասել՝ միանո՞ւմ են Գեղամ Մանուկյանի պահանջին, Սաթիկ Սեյրանյանը պատասխանեց՝ վաղուց են միացել Գեղամ Մանուկյանի պահանջին։
«Մենք այստեղ նստած չենք, բայց իմ բոլոր գործընկերների, ձեր բոլորի աշխատանքը շատ կարևոր է, պատերազմի օրերին, չնայած այդ խիստ սահմանափակումներին, պատժիչ տուգանքներին, գոնե քիչ թե շատ ճեղքում էինք այդ տեղեկատվական կեղծիքի պատն ու տրամադրում որոշակի տեղեկատվություն։ Այնպես որ, մենք էլ մեր դիրքերում ենք պայքարում և, այո, միանում ենք այդ կոչին, որ պետք է հրաժարական տա»,- եզրափակեց Սաթիկ Սեյրանյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ից ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց անժամկետ հացադուլ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նրան արդեն միացել են ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը, զոհված զինվորի մայր և այլք։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում