«Ես ՀՀ կառավարությունից սպասելիք չունեմ». 2008թ. զոհված զինծառայողի մայրը հացադուլ է անում
Արդեն 4 օր է, ինչ Կառավարության առջև, ի թիվս այլ մարդկանց, հացադուլ է անում 2008թ.-ին զոհված զինծառայող Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը: Հարցին, թե իր պահանջի կատարման առնչությամբ գործող իշխանությունները որևէ քայլ կատարե՞լ են, Կիրակոսյանը պատասխանեց.
«Իմ ակնկալիքը Ռուսաստանի Դաշնությունից է: Կառավարությունն անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողներին հետ ուղարկեց՝ մինչև ամսի 30-ը ժամկետ խնդրելով: Չգիտեմ, թե որքանով է դա հավաստի, բայց ես ավելի շատ հույսս դնում եմ ՌԴ-ի վրա և հուսով եմ, որ նրանք անպայման որոնողական աշխատանքներ կկատարեն և որքան հնարավոր է շուտ այդ երեխաներին իրենց տուն կբերեն»:
Հարցին, թե այս օրերին Ռուսաստանի կողմից կատարվող քայլեր նկատե՞լ է, զոհված զինծառայողի մայրը պատասխանեց.
«Որքան տեղյակ եմ՝ իրենք գումար են տրամադրել, որ որոնողական աշխատանքներն արագացվեն, կազմակերպվեն»:
Տիկին Անահիտը մտադիր է հացադուլը շարունակել այնքան, որքան կների առողջությունը: Մյուս հացադուլավորների խնդրանքով նա տանն է գիշերում:
«Այս պահին այդքան էլ լավ չեմ զգում ինձ, գլխապտույտ ունեմ, բայց ոչինչ, դիմանում եմ: Անընդհատ նստում եմ, որ խնդիրներ չառաջանան»:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում գործող իշխանության քայլերը՝ անհետ կորած զինծառայողներին գտնելու, իսկ գերեվարվածներին հայրենիք վերադարձնելու առումով, Կիրակոսյանը կարճ պատասխանեց տվեց.
«Ես իրենցից սպասելիք չունեմ»: