«Նիկոլ Փաշինյանը իշխանություն փոխանցելու համար պետք է այն ունենա, իսկ դավաճան Փաշինյանն իշխանություն չունի». Արսեն Բաբայանը՝ իշխանությունը Վանեցյանին փոխանցելու լուրերի մասին

Մամուլում լուրեր են սկսել շրջանառվել այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է անցնում իշխանությունը հանձնել «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, քանի որ մտահոգված է իր ապագայով և կարծում է, որ եթե նախկիններն իշխանությանը գան, ապա իր պատիժն անխուսափելի է լինելու։

Մասնավորապես՝ «Փաստ» թերթի տեղեկություններով, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ անցել է բավականին թեժ մթնոլորտում: Քննարկվել են եռակողմ փաստաթղթի ստորագրման հետևանքով երկրում ստեղծված ծանր վիճակն ու իշխանությունների հետագա քայլերը, այդ թվում՝ իշխանության փոփոխության հնարավոր սցենարները:

«Միևնույն ժամանակ խոսք է եղել այն մասին, որ եթե իշխանության գան «նախկինները», ապա իրենցից վրեժ կլուծեն: Որպես «կոմպրոմիսային» տարբերակ նշվել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի անունը: Այդ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը բանագնացներ է ուղարկել Արթուր Վանեցյանի մոտ՝ քննարկելու իշխանության անցնցում փոխանցման հնարավորությունը: Թե ինչ արդյունք են տվել այդ բանակցությունները, դեռևս ճշտել հնարավոր չեղավ»,- գրել է թերթը։

168.amի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբյանն անդրադառնալով այս լուրերին, նշեց, որ նման տեղեկության ծանոթ չէ, այդ տեղեկությունն իրեն հայտնի չէ։

«Այդուհանդերձ, կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ անկախ նրանից, թե ով կլինի հաջորդ իշխանությունը, իր տեղը լինելու է բանտը։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը որևէ բան՝ այս դեպքում իշխանություն փոխանցելու համար այն պետք է ունենա, իսկ դավաճան Փաշինյանն իշխանություն չունի»,- եզրափակեց Արսեն Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս