Հեռուստամարաթոն 2020-ի արդյունքում հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար

Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում տեղի է ունեցել 23–րդ ամենամյա Հեռուստամարաթոնը, որի կարգախոսն էր «Համախմբվածություն, ուժ, հավատ»: «Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ հաշվի առնելով հայրենիքում ստեղծված դժվարին իրադրությունը և հարգելով հայրենիքի համար ընկած զինվորների հիշատակը՝ հեռուստամարաթոնն այս տարի տևել է 4 ժամ՝ ավանդական 12 ժամվա փոխարեն, սակայն ԱՄՆ հայ համայնքի համախմբվածության շնորհիվ հանգանակվեց 22.990.898 ԱՄՆ դոլար:

«Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակով պայմանավորված՝ Հեռուստամարաթոն 2020-ի հանգանակություններն ուղղվելու են Արցախից տեղահանված և հայրենիքի համար զոհված զինվորների ընտանիքների աջակցմանը: Նպատակն է ֆինանսապես աջակցել այս ընտանիքներին, շուրջ 100,000 մարդու, ապահովել բնակարաններով և 1 տարվա համար անհրաժեշտ տարրական պարագաներով, ինչպես նաև կազմակերպել տեղահանված երեխաների պատշաճ կրթությունը»,– նշել է ԱՄՆ–ի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մարիա Մեհրանյանը:

Սեպտեմբերի 27–ից ԱՄՆ հայ համայնքն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել հայրենիքի փրկության համար կազմակերպված դրամահավաքին և մինչև Հեռուստամարաթոնն արդեն իսկ 80 մլն ԱՄՆ դոլարի նվիրաբերություն արել: Մեծ է նաև հայ համայնքի դերն անմիջական հումանիտար օգնություն հավաքագրելու և Հայաստան ու Արցախ հասցնելու գործում, որի արդյունքոմ ճգնաժամի առաջին օրվանից մի քանի ինքնաթիռներով հարյուր տոննայից ավել մարդասիրական օգնություն է ուղարկվել հայրենիք՝ բժշկական սարքավորումների, դեղորայքների, տաք հագուստի, դիզելային գեներատորների և այլ առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով:

Նոյեմբերի 22–ին սկսված ֆրանսիական հեռախոսամարաթոնի շրջանակներում արդեն հանգանակվել էր շուրջ 3.132.000 ԱՄՆ դոլար:

Տեսանյութեր

Լրահոս