Արայիկ Հարությունյանը հրաժարականից առաջ անակնկալ որոշում է կայացրել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) արդեն նախկին նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնանկությունից առաջ ստորագրել է Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի (ԺՊ) գործունեությունը կասեցնելու հրամանն ու որպես նոր ժամանակավոր պաշտոնակատար՝ նշանակել է քոլեջի դասախոսներից Արամ Սարգսյանին:
Հաստատության տնօրենի արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Աննա Կիրակոսյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ մինչև Երևանի Մշակույթի և Ջազ քոլեջների միաձուլման գործընթացը՝ նշանակվել է այլ ԺՊ, ում հետ կապված դժգոհություններ են եղել կոլեկտիվի կողմից, և արդյունքում, տարբեր կառույցների, այդ թվում՝ ՀՀ վարչապետին են դիմել, հրավիրվել է ընդհանուր մանկավարաժական խորհրդի նիստ, ԿԳՄՍ-ից ներկայացել են համապատասխան լիազորված անձինք, քննարկել ու որոշել են, որ պետք է լինի այն մարդը, ում որպես ԺՊ լինելուն համաձայն են բոլորը: Այսինքն, հաշվի են առել կոլեկտիվի կարծիքը:
«Առաջարկեցին իմ թեկնածությունը և 95 տոկոսը հավանություն տվեց: Պայմանավորվածություն եղավ նաև աշխատակազմի և նախարարության ներկայացուցիչների միջև, որ մինչև տնօրենի թափուր տեղը համալրելը՝ մրցութային կարգով, ԺՊ կլինեմ ես: Ես Մշակույթի քոլեջի ուսումնական գծով տնօրենի տեղակալն եմ եղել: Դա օգոստոս ամսին էր: Ահռելի աշխատանք է կատարվել՝ կորոնավիրուսի, պատերազմի պայմաններում: Փաստացի նոյեմբերի 23-ին, օրվա երկրորդ կեսին, կադրերի բաժնից հրաման բերեցին, որ իմ լիազորությունները դադարեցվել են: Հրաժարականից ժամերի կամ րոպեների ընթացքում Արայիկ Հարությունյանը ստորագրել էր հրաման, և դադարեցվել էին իմ լիազորությունները, ու այստեղ անդուր իրավիճակ է ստեղծվել, հազիվ նորմալ, խաղաղ մարդիկ աշխատում էին, բարոյահոգեբանական մթնոլորտը շատ լավն էր: Որոշումն անակնկալ է եղել թե՛ իմ, թե՛ աշխատակազմի համար, և նրանք ցանկացել են գործադուլ, դասադուլ անել, բայց առաջարկել եմ հրաժարվել այդ մտքից, քանի որ օրենքը հարգել է պետք, ռազմական դրություն է, սակայն փոխարենը՝ երեկ եկել են նախարարությունից՝ ներկայացնելու նոր ԺՊ-ին, բոլորը դեմ են եղել, իրենց դժգոհությունը բարձրաձայնել են, ասելով՝ թողե՛ք հանգիստ աշխատենք, փոփոխություն չենք ուզում»,- մանրամասնեց Աննա Կիրակոսյանը:
Նրա փոխանցմամբ՝ իրենք պատրաստել են գրություն, խնդրանք, առաջարկ՝ վարչապետին, որ դադարեցնեն այս ամեն ինչը, թողնեն այնպես, ինչպես կա, այն է՝ նոր հրամանն անվավեր ճանաչեն, և սահմանված կարգով ընտրություն լինի, ով կընտրվի տնօրեն, թող նա էլ աշխատի:
«Մի քիչ ամոթալի է խնդիր դարձնել ԺՊ-ի փոփոխությունը: Եթե իմ աշխատանքային պարտավորությունները չկատարեի կամ թերի կատարեի, միգուցե հիմք լիներ: Արդեն գրություն է ստացվել և կարող է ձևավորվել կառավարման խորհուրդ, հիմա մանկավարժական խորհրդի նիստ են անում, ընտրում են խորհրդի թեկնածուների, այսինքն, լիազոր մարմնի ցուցումները կատարում ենք, ուղղակի կոլեկտիվը խնդիր ունի ժամանակավոր պաշտոնակատարի հետ կապված՝ նրան չեն ընդունում»,- եզրափակեց Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը:
Նա նաև հայտնեց, որ որպես տնօրենի թեկնածու՝ իր թեկնածությունը չի դնելու: