ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը պատասխանատու է պարտության համար, վարչապետի զինվորական գծով խորհրդականը չէ՞ր. Արթուր Խաչատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարությունում ներկայացրեց նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին՝ նշելով, որ մենք պետք է լրջորեն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու և ինչ պետք է անենք՝ հետևություններ անելու համար։ 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով վարչապետի այս դիտարկմանը,  հարց հնչեցրեց.

«Վաղարշակ Հարությունյանը վարչապետի մշակույթի կամ գյուղատնտեսության հարցերով խորհրդականը չէր, չէ՞, նա ռազմական գծով էր խորհրդական, բա թող խորհուրդներ տար, թող աներ։ Լծակներ ուներ, թող խորհուրդներ տար, այնպես որ, այս  ամբողջ կառավարությունն է մեղավոր այս պարտության մեջ, ներառյալ՝ վարչապետի արդեն նախկին խորհրդական Վաղարշակ Հարությունյանը, որը նշանակվեց նախարար»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի  ստորագրած կապիտուլյացիոն ակտին՝ ապա  Արթուր Խաչատրյանը նշեց, որ վարչապետը Արցախի մեծ մասը, այդ թվում՝ Շուշին հանձնելու իրավունք չուներ, որովհետև, օրինակ, Շուշին ժամանակին ինքը չէր գրավել, իսկ Հայաստանի 30-ամյա պատմության ամենակարևոր ձեռքբերումն այն էր, որ 29 հազար քառակուսի կմ տարածքից մենք ընդլայնվել էինք՝ հասնելով 42 հազար քառ կմ-ի, իսկ Փաշինյանի քաղաքական թիմը, որը որևէ ներդրում դրանում չէր ունեցել, Արցախի մեծ մասը տվեց Ադրբեջանին։

«Այդ մարդը իրականացրեց այն, ինչ թուրքերը երազում էին, նրան պետք է պանթուրքիզմի հերոս տալ»,- ասաց  Խաչատրյանը՝ նշելով, որ Փաշինյանը ցանկանում է ևս վեց ամիս մնալ իշխանության, քանի որ նաև Հայաստանը վերջնականապես կործանման տանելու նպատակ է դրված։

«Իսկ հիմա վարչապետ Փաշինյանը փուռն է տալիս հերթով իր զինակիցներին»,- ասաց  նա։

Ըստ Խաչատրյանի՝ իրավիճակն այլ կարող էր լինել, եթե, օրինակ, պատերազմին հընթացս՝ Հայաստանը ճանաչեր Արցախի անկախությունը, ինչի մասին ողջ ընթացքում խոսել են արտախորհրդարանական ուժերը։

«Կարծում եմ՝ վախեցավ. վախեցավ, հասու չէր դրա կարևորությունը, չհասկացավ, որ դա կարևոր է, որ այսօր Ադրբեջանը չասի, թե Հայաստանն օկուպացրել է իր տարածքները»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասնեը՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս