Լճափ համայնքում դրսեւորվել է հայրենանվիրության հերթական փայլուն օրինակը
Հայոց մերօրյա գոյամարտին մասնակցում են նաեւ հազարավոր զինծառայողներ ու կամավորներ Գեղարքունիքի մարզից, ովքեր իրենց մարտական կենսագրությունը սկսել են դեռեւս Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ու այժմ էլ միացել են սխրանքներ գործող Հայոց բանակին՝ ցուցաբերելով անձնազոհության ու հայրենանվիրության հերթական օրինակները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լճափ հասմայնքի ղեկավար Արսեն Հովսեփյանը, նրանցից մեկն էլ Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքի բնակիչ, 48-ամյա Մարտիկ Գեւորգյանն է, ով սրտի ծանր վիրահատություն տարած վիճակում անգամ կամավոր մեկնել է առաջնագիծ ու մասնակցել մարտական գործողություններին։ Բեկորային վիրավորում ստանալուց հետո նա «Արտմեդ» բժշկական կենտրոնում ստացել է համապատասխան բուժում, իսկ այժմ այն շարունակում է տնային պայմաններում։
Նա կամավորագրվելու որոշումը ընդունել էր՝ անտեսելով իր առողջությանը սպառնացող վտանգը։ Մարտիկը թշնամու դեմ մարտնչել է Մարտունու մատույցներում՝ Հայոց բանակի ժամկետային զինծառայողների կողքին անառիկ պահելով հայրենիքի սահմանները։ Մարտիկ Գեւորգյանն Արցախում մարտական գործողություններին առաջին անգամ մասնակցել է 1994 թվականին, այնուհետև Հայոց բանակի շարքերում պայմանագրային զինծառայություն է անցել 2007-2010 թվականների ընթացքում։ Մեկնել է նաեւ արտագնա աշխատանքի։ Վիրավորվել է 2020 թվականի հոկտեմբերի 21-ին։ Ամուսնացած է, ունի 3 երեխա։ Անգամ առողջական լուրջ խնդիրների մեջ գտնվելով՝ նա ցանկանում է օր ու ժամ առաջ կրկին մեկնել ռազմաճակատ՝ կանգնելու իր մարտական ընկերների կողքին։
«Հիմա բժիշկներն արգելում են ինձ տնից դուրս գալ, բժշկական հանձնաժողովը գտել է, որ թեւս չի աշխատում բավարար չափով, չհաշված սրտի անբավարար աշխատանքը, որ ես զինվորական ծառայության համար պիտանի չեմ, սակայն ինքս ուզում եմ նույնիսկ այս վիճակում ու ժամ առաջ կրկին հայտնվել առաջնագծում, որտեղ իմ մարտական ընկերները կենաց-մահու կռիվ են մղում մեր հայրենիքի փրկության համար։ Այս օրհասական ու ճակատագրական օրերին դժվար է գտնվել տանը եւ մտածել առողջության մասին, երբ վտանգի մեջ է հայրենիքը»,-մեզ հետ զրույցում նշեց հայրենիքի պաշտպանությանը կամավորագրված Մարտիկ Գեւորգյանը։
Խոսրով Խլղաթյան