«Ես մի ամիս է՝ դիրքերում եմ, բայց գիտեմ, որ Գորիսում նորմալ ա, ոչ մի խնդիր չկա». Գորիսի համայնքապետ
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը երեկ իր ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Բերձորի հատվածում տիրող իրավիճակին:
«Սաստիկ է եղել այսօր նաև Բերձորի ուղղությամբ, թշնամու ուժերը փորձել են ճեղքել և դուրս գալ դեպի Բերձոր, հավանաբար, փորձել են այդ ուղղությամբ օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին, բայց կրելով զգալի կորուստներ՝ նրանք հետ են շպրտվել, ավելին, դիմել են փախուստի»,- երեկ երեկոյան հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:
168.am-ն առավոտյան փորձեց Սյունիքի մարզի վարչական շրջանի ղեկավարներից տեղեկանալ, թե ինչպիսի իրավիճակ է մարզում:
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Գորիսում իրավիճակը նորմալ է:
«Ես մի ամիս է՝ դիրքերում եմ, Գորիս չեմ եղել, հեն ա, ձեները էլի լսում եմ, բայց գիտեմ, որ Գորիսում նորմալ ա, ոչ մի խնդիր չկա»,- ասաց Առուշ Առուշանյանը:
Դիրքերում առկա իրավիճակի ու տրամադրվածության մասին հարցին էլ ի պատասխան՝ նշեց.
«Լավ, լավ, նորմալ ա, հաղթելու ենք»:
Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը մեր հարցին պատասխանելով՝ նշեց, որ Կապանում իրավիճակը, պայմանավորված Բերձոր-Կապան հեռավորությամբ, Բերձորի հատվածում նախորդ օրվա լարվածության հետ որևէ կերպ չի կարող փոխկապակցված լինել: Խոսելով համայնքի իրավիճակի մասին՝ Փարսյանը նշեց.
«Ընդհանուր իրավիճակը լարված է»:
168.am-ը կապ հաստատեց նաև Սյունիքի մարզպետարանի հետ:
«Մարզում նորմալ է, Արծրուն Հովհաննիսյանի այդ ասածը, կարծում եմ, ես չի, որ պիտի մեկնաբանեմ: Առանձնապես փոփոխություն չկա, նույնն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը: