
«Թշնամու ուժերը փորձել են ճեղքել և դուրս գալ դեպի Բերձոր, բայց հետ են շպրտվել, կրել զգալի կորուստներ». Արծրուն Հովհաննիսյան

Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ լարված: Երեկ գիշերը և այսօր ամբողջ օրվա ընթացքում ռազմաճակատի տարբեր ուղղություններով մարտերը շարունակվել են, որոնք եղել են բավականին ինտենսիվ:
Մասնավորապես, հյուսիսում թշնամու զորքերը` հիմնականում փոքր մարտավարական խմբեր, հրետանու կրակի աջակցությամբ փորձել են հարձակվել մեր դիրքերի վրա, սակայն կորուստներ կրելով հետ են շպրտվել:
Ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Վաղ առավոտյան Մարտունիի ուղղությամբ որոշակի հաջողություններից հետո, մեր զորքին հաջողվել է թշնամուն կանգնեցնել, հետ շպրտել ելման բնագծեր: Թշնամին կրել է զգալի կորուստներ: Շուշի քաղաքի մեջ և շրջակա, հարակից տարածքներում, պարիսպների տակ, Շուշի տանող ճանապարհների վրա մարտերն ամբողջ օրվա ընթացքում եղել են բավականին սաստիկ: Այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են, չնայած ինտենսիվությունը զգալի թուլացել է:
Սաստիկ է եղել այսօր նաև Բերձորի ուղղությամբ, թշնամու ուժերը փորձել են ճեղքել և դուրս գալ դեպի Բերձոր, հավանաբար, փորձել են այդ ուղղությամբ օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին, բայց կրելով զգալի կորուստներ, նրանք հետ են շպրտվել, ավելին, դիմել են փախուստի»,–ասաց նա` հավելելով, որ մարտերը շարունակվում են, բայց ընդհանուր վիճակը կարելի է համարել դրական, և որ մեր զորքերին հաջողվում է թույլ չտալ թշնամուն որևէ ուղղությամբ զարգացնել հաջողությունները: