Աշխարհի առաջնորդները շնորհավորում են Բայդենին. ճապոնական ռեստորանն էլ «Բայդեն-բուրգեր» է առաջարկում
Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Ջո Բայդենը շարունակում է շնորհավորանքներ ստանալ աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Բայդենին ուղղված շնորհավորանքներում երկրների ղեկավարները համատեղ արդյունավետ աշխատանքի հույս են հայտնում:
«Ամերիկացիներն ընտրել են իրենց նախագահին: Շնորհավորանքներս Ջո Բայդենին և Քամալա Հարիսին (ԱՄՆ ընտրված փոխնախագահ- խմբ.): Մեզ շատ աշխատանք է սպասվում այսօրվա մարտահրավերները հաղթահարելու համար: Եկե’ք աշխատենք միասին»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ուղղված շնորհավորանքում նշել է, որ իրենց միջև 40 տարվա անձնական հարաբերություններ կան և Բայդենին ճանաչում է, որպես Իսրայելի մեծ ընկերոջ:
«Շնորհավորանքներս Ջո Բայդենին և Քամալա Հարիսին: Ջո, մենք մոտ 40 տարվա երկար ու ջերմ անձնական հարաբերություններ ունենք, և ես ճանաչում եմ քեզ՝ որպես Իսրայելի մեծ ընկերոջ: Ես հույս ունեմ համագործակցել երկուսիդ հետ` հանուն ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև առանձնահատուկ միության հետագա ամրապնդման»,- «Թվիթեր»-ում գրել է Նեթանյահուն:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հույս է հայտնել, որ հետագայում ևս կամրապնդվի երկու երկրների ռազմավարական գործընկերությունը:
«Վրաստանի ժողովրդի անունից շնորհավորանքներս ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենին և Վրաստանի վաղեմի ընկերոջը և ընտրված փոխնախագահ Քամալա Հարիսին: Մենք հուսով ենք, որ հետագայում ևս կամրապնդվի ամերիկա-վրացական ռազմավարական գործընկերությունը»,- գրել է Գախարիան:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին էլ իր հերթին հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները կշարունակի Աֆղանստանին աջակցել` ահաբեկչության դեմ պայքարում:
«Շնորհավորանքներս ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենին և ընտրված փոխնախագահ Քամալա Հարիսին: Աֆղանստանը հույս ունի շարունակել և խորացնել մեր բազմամակարդակ ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների` մեր հիմնարար գործընկերոջ հետ, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարում և Աֆղանստանում խաղաղության հաստատման հարցում»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ղանին:
ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենին շնորհավորական ուղերձ է հղել նաև Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Նուրսուլթան Նազարբաևը ջերմորեն շնորհավորել է Ջո Բայդենին` ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Նա ընդգծել է, որ ջերմությամբ է հիշում 2010թ. Վաշինգտոնում կայացած միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպումը, ինչպես նաև նրանց միջև կայացած հեռախոսային բանակցությունները: Նազարբաևը վստահություն է հայտնել, որ Ղազախստանի և ԱՄՆ-ի միջև ընդլայնված ռազմավարական գործընկերությունը այսուհետ ևս կամրապնդվի` ի շահ երկու պետությունների ժողովուրդների: Նուրսուլթան Նազարբաևը Ջո Բայդենին հաջողություններ է մաղթել պետական գործունեության մեջ»,- նշված է Նազարբաևի պաշտոնական կայքում:
Ճապոնիայում գործող Tsunami ռեստորանն էլ սկսել է հաճախորդներին «Բայդեն-բուրգեր» մատուցել: Ռեստորանը հայտնի է իր «նախագահական» բուրգերներով: Tsunami-ն նախկինում իր հաճախորդներին մատուցել է նաև «Օբամա-բուրգեր» և «Թրամփ-բուրգեր»:
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջո Բայդենն ԱՄՆ նախագահ է ընտրվել 2020թ. հունիսի 7-ին` ընտրություններում առաջ անցնելով գործող նախագահ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփից: Բայդենը պաշտոնական լիազորությունները ստանձնելու պահից կլինի ԱՄՆ պատմության մեջ ամենատարեց նախագահը. Երդմնակալության օրը նա կլինի 78 տարեկան:
Նորայր Շողիկյան