Բաժիններ՝

«Մեր տղերքն առյուծ տղերք են, մենք առաջնագծում կռիվ ենք տալու, որ դուք թիկունքում ամուր լինեք». Քերոբի 20 տարին դեռ չէր բոլորել

Արցախում զոհված Քերոբ Անդրանիկի Չատիկյանը նոյեմբերի 5-ին կդառնար 20 տարեկան: Քերոբը Գավառ քաղաքից էր, ապրում էր ծնողների հետ, ունի 2 եղբայր, 1 քույր: Նրա հորաքրոջ աղջիկը՝ Լիլիթ Բաբինյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Քերոբը բնավորությամբ շատ բարի, հավասարակշռված, մեծերին հարգող տղա էր, վայելում էր թե բարեկամների, թե հարևանների և ընկերների հարգանքը:

«Քերոբը բնավորությամբ՝ շատ հանգիստ, զուսպ, լուրջ, տարիքից ավելի հասուն, մտածող, խելացի, համբերատար, միշտ բոլորին հասնող, մեծի խոսքը լսող, այնքան լուսավոր ու բարի երեխա էր. դժվար է նրա մասին անցյալով խոսել: Ամեն ինչով ինքը լուսավոր էր, ոնց լուսավոր երեխա էր, այդպես լույսերով էլ վառ, պայծառ գնաց»,- ասաց Լիլիթը:

Քերոբը փոքր տարիքից շատ էր սիրում նկարել, նկարներն էլ նվիրում էր հարազատներին: Հորաքրոջ աղջիկը պատմեց, որ բոլոր, գրեթե բոլոր բարեկամների տանը կա եղբոր նկարներից.

«Անգամ մարտի 8-ի կապակցությամբ շատ սիրուն պաստառներ էր սարքում ու հարազատներին նվիրում: Մի կարճ ժամանակ գնացել էր խմբակի, բայց ինքնուս էր, ինքը բնական տաղանդ ուներ նկարելու: Իսկ ավելի մեծ տարիքում դպրոցին զուգահեռ՝ սովորեց նաև Գավառի գեղարվեստի դպրոցում և ավարտեց»:

Լիլիթը պատմեց, որ Քերոբը մինչև զորակոչվելը գնացել էր Ռուսաստան՝ հորեղբոր ընտանիքին հյուր, սակայն վերադարձել էր, որպեսզի պարտադիր զինվորական ծառայություն անցներ հայոց բանակում:

«Քերոբը դեռ մանկուց դաստիարակվել էր հայրենասիրական ոգով: Գնացել էր հորեղբորը հյուր, հարազատներն ասում էին՝ Քերոբ ջան, կարող ես էլ ոչ էլ գալ, ասաց՝ ես չեմ կարող չգալ, քանի որ ես հայրենիքիս հանդեպ պարտք ունեմ կատարելու, պետք է ծառայեմ: Ռուսաստանից եկավ ու միանգամից գնաց ծառայության: Ինքը հայրենասիրական ոգով էր դաստիարակվել, ընտանիքում միշտ լսել էր հայրենիքի հանդեպ սիրո մասին: Մեր Վանիկ պապիկն էլ շատ հայրենասեր մարդ էր, ինքն անընդհատ ֆիդայիների մասին պատմություններ էր պատմում, հերոսների, անգամ՝ երգելով, ու մանկուց իրենք 3 եղբայրներով հայրենասիրական ոգով են դաստիարակվել»:

Քերոբը ծառայության էր մեկնել 2019 թվականի հունվարի 30-ին: Հորաքրոջ աղջիկը պատմեց, որ ծառայությունից շատ գոհ էր, պատերազմական օրերին էլ տրամադրությունը շատ բարձր էր.

«Բանակի հանդեպ այնքան լավատես էր ու միշտ ասում էր՝ հայ ազգը միշտ անպարտ է եղել… Երբ պատերազմը սկսվեց, զանգեց՝ չնեղվեք, ամեն ինչ լավ է  լինելու, մեր տղերքն առյուծ տղերք են, մենք այստեղ ենք, որ դուք այդտեղ հանգիստ լինեք, մենք առաջնագծում կռիվ ենք տալու, որ դուք թիկունքում ամուր լինեք, ձեզ վստահ զգաք»:

Լիլիթը նաև պատմեց, որ պատերազմի հենց առաջին օրվանից Քերոբի հայրն էլ էր կամավորագրվել և մեկնել առաջնագիծ.

«Իմ քեռին հենց պատերազմի առաջին օրվանից գնացել է ռազմաճակատ, Գավառի 1-ին կամավորականն է եղել, առաջինն իր անունն է գրանցվել. բացի այս, նաև 90-ականներին մեր արցախյան ազատամարտին է մասնակցել, մարտական ուղի ունի: Քերոբը որ իմացավ՝ հայրը գնացել է սահման, մի քիչ տխրեց, ասաց՝ ինչի՞ համար, չէ՞ որ ես արդեն այստեղ եմ: Դե, հայրն էլ ասաց՝ ոնց իմ տղան է սահման պահում, այնպես էլ՝ ես, հայ տղամարդու պարտքն է՝ կանգնել իր երկրի սահմանների ամրությունը պահելու: Քերոբն ու հայրն այնտեղ իրար չեն հանդիպել, տարբեր ուղղություններում են կռվել»:

Քերոբը վերջին անգամ փոքր եղբոր՝ Մեսրոպի հետ էր խոսել՝ հոկտեմբերի 7-ին, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, նա զոհվել է:

«Քերոբը Մարտունի 2-ում էր ծառայում, եղբորն ասել էր, որ հնարավոր է՝ վաղն իրենց տեղափոխեն Ջաբրայիլ, անունն էլ լրիվ չէր ասել, բայց մենք հասկացանք… Հաջորդ օրվանից էլ զանգ չեղավ…»:

Քերոբ Չատիկյանին հուղարկավորել են հոկտեմբերի 11-ին՝ քաղաք Գավառում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս