Արցախում զոհված 19-ամյա Նարեկը տան միակ տղան էր, մեկ ամիս առաջ էր զորակոչվել

Արցախում ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված 19-ամյա Նարեկ Սարգսյանն Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից էր, տան միակ տղան, ունի 2 քույր: 168.am-ը փորձեց զրուցել  Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանի հետ, որպեսզի Նարեկի մասին նյութ պատրաստենք, փոխարենը՝ համայնքի ղեկավարն ինքն առաջարկեց մտքերը շարադրել, թղթին հանձնել և հենց այդպես տրամադրել մեզ:

Նարեկի մասին պատմությունն Անդրանիկ Պապիկյանը վերնագրել է՝ «Անկեղծ մի պատմություն»: 168.am-ը չմերժեց համայնքի ղեկավարի խնդրանքը:

««Երանի չճանաչեի»… Ուղղակի կամ պարզապես ես շատ լավ ճանաչում էի Նարեկ Հարությունի Սարգսյանին: Նարեկի հայրական պապը՝ Համլետ Կառլենի Սարգսյանը, և ես նույն դասարանում էինք սովորում, երգելու շնորհ ուներ, երգում էր՝ դասարանում, դպրոցում:

Նարեկը բանակ էր զորակոչվել օգոստոսի 24-ին, և ուղիղ 33 խորհրդավոր օր հետո (Քրիստոսի ապրած տարիքն է) փակ «հանդերձանքով» մեր հերոսին արժանավայել պահ տվեցինք մայր հողին: Հաջորդ օրը՝ կարգի համաձայն, զինվորի ծնողներին ցավակցելու էր եկել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը… Հրավիրեցին սեղանի մոտ, մինչև այդ պահը ես Նարեկին (մեր լեզվով ասած՝ տեղը չէի բերում), մտածում էի, մեր գյուղի լավագույն երիտասարդներից մեկն է: Նստեցի սեղանի մոտ ու աչքս ընկավ Նարեկի զինվորական հագուստով նկարին, որի կողքին դրված էր Նարեկի քաղաքացիական հագուստով, բաց գլխով, ժպիտը դեմքին նկարը: «Ես հիշեցի Նարեկին» ու ահավոր ցավը… ուզում էի ոռնալ, զսպեցի, բայց արցունքներս չկարողացա՝ թափվեցին, որը նկատեց մարզպետը, ինքն էլ արտասվեց, ցավը տարածվեց ամբողջ տան մեջ, արտասվում էին բոլորը… Ինչ տղա էր՝ գեղեցիկ, բոյով, համեստ, իմ եղբոր տղայի հետ ամեն օր մեր տանն էին, մեր տան տղան էր, ես երբևիցե այդպիսի ափսոսանք չէի զգացել: Հանգիստ քեզ, Նարեկ ջան ու քեզ նման հայորդիներին, որ գնացիք ու աղոթք դարձաք… Ա. Պապիկյան»:

Տեսանյութեր

Լրահոս