«Սասնա ծռեր»-ը հայտնում է՝ 1000 կամավորով Սէֆիլյանի ղեկավարությամբ Արցախ մեկնելու թույլտվություն չեն ստացել, ՊՆ-ն պնդում է՝ «Սասնա ծռերից» ոչ մի դիմում չեն ստացել

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից երկու օր անց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սէֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց հայտարարություն, որում նշված էր, որ հաշվի առնելով բազմաթիվ քաղաքացիների հորդորները՝ իր գլխավորությամբ կազմակերպում է կամավորների ցուցակագրում։ Օրերս կուսակցության մեկ այլ անդամ՝ Գևորգ Սաֆարյանը, հայտնեց, որ կուսակցությանը կամավորագրվել է 1000-ից ավելի կամավոր և պատրաստակամություն հայտնել Ժիրայր Սէֆիլյանի ղեկավարությամբ մեկնել Արցախ, սակայն մինչ այս պահը մեկնելու թուլտվություն ստանալ չի հաջողվում։

168.amը Սաֆարյանից փորձեց պարզել, թե ո՞ւմ են դիմել Արցախ մեկնելու թույլտվություն ստանալու համար և ինչո՞ւ պատերազմի այս ողջ ընթացքում իրենց այդպես էլ չի հաջողվում մեկնել ռազմաճակատ։

– Պարոն Սաֆարյան, ո՞ւմ եք դիմել Արցախ մեկնելու համար՝ Հայաստանի՞, թե՞ Արցախի իշխանություններին։

– Գոյություն ունի մեկ իշխանություն, և դա Հայաստանի իշխանությունն է։ Չի՛ կարելի որևէ տարանջատում մտցնել այս հարցում, չի՛ կարելի նման իրավիճակում Արցախը տարանջատել Հայաստանից, Արցախում գործող բանակը ՀՀ Զինված ուժերի մի մասն է, և այդ բանակի ղեկավարին նշանակում է Հայաստանի վարչապետը։ Մենք, իհարկե, դիմել ենք Հայաստանի իշխանությանը։

– Հստակ՝ ո՞ր գերատեսչությանն եք դիմել։

– Պաշտպանության նախարարությանն ենք դիմել, բայց բոլորս հասկանում ենք, որ վարչապետը դրա մասին տեղեկացված է։ Առհասարակ, ցանկացած հարց, որը վերաբերում է «Սասնա ծռերին», վարչապետն է այն մարդը, որը տալիս է դրանց լուծումները։ Մենք մեկնելու թույլտվություն չենք ստացել, իսկ քանի դեռ չկա թույլտվություն, մեկնել չենք կարող։

– Այդ դեպքում ինչո՞վ եք պայմանավորում այն, որ այս օրերին այլ կամավորների տրվել է թույլտվություն, և վերջիններն Արցախում են, իսկ «Սասնա ծռերին» Արցախ մեկնելու թույլտվություն չի տրվում։

Այդ հարցը պետք է տալ այսօրվա իշխանություններին։

– Իսկ Ձեր վարկածը ո՞րն է։

– Չեն տվել, որովհետև դիմողը եղել է «Սասնա ծռեր» կուսակցությունը։

Այսինքն, այս կուսակցությունը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ հակասություններ ունի՞։

– Կարծում եմ, որ քաղաքական դրդապատճառներով մեզ թույլ չեն տալիս մեկնել Արցախ։

– Իսկ անձամբ Ժիրայր Սէֆիլյանը Արցախո՞ւմ է, թե՞ Հայաստանում։

Հայաստանում։

– Իսկ փորձե՞լ է արդյոք Սէֆիլյանն Արցախ մեկնելու թույլտվություն չստանալու հարցի պատասխանը ստանալ անձնապես վարչապետ Փաշինյանից։

– Ես չգիտեմ։ Անձնական հարաբերություններից տեղեկացված չեմ։ Բայց մենք դիմել ենք իշխանություններին, վարչապետը տեղեկացված է։ Կրկնում եմ՝ թույլտվություն լինելու դեպքում մենք կլինենք Արցախում։

168.am-ը Պաշտպանության նախարարությունից փորձեց պարզել, թե երբ են «Սասնա ծռեր» կուսակցությունից դիմել նախարարությանը 1000-ից ավելի կամավորով Արցախ մեկնելու թույլտվություն ստանալու համար, և ի՞նչ հիմնավորմամբ նրանց համապատասխան թույլտվությունը չի տրվել։  Ի պատասխան մեր հարցերի՝ Պաշտպանության նախարարությունից հայնեցին, որ «Սասնա ծռեր» կուսակցությունից կամավորներով Արցախ մեկնելու դիմում  չեն ստացել։ Բայց, քանի որ մեզ հետ զրույցում Գևորգ Սաֆարյանը նշեց, որ հստակ չգիտի, թե Պաշտպանության նախարարություն ո՞ւմ  անունով կամ ո՞ր վարչությանն են դիմել, ու ի՞նչ հիմնավորմամբ  և ո՞վ իրենց չի տվել  թույլտվություն Արցախ մեկնելու համար, փորձեցինք հարցը ևս մեկ անգամ ճշտել՝ այս անգամ «Սասնա ծռեր» կուսակցության մեկ այլ անդամից՝ Վարուժան Ավետիսյանից։

– Պարո՛ն Ավետիսյան, «Սասնա ծռեր» կուսակցությունը Պաշտպանության նախարարություն կոնկրետ ո՞ւմ է դիմել՝ Արցախ մեկնելու թույլտվություն ստանալու համար, որը չի ստացել, ինչպես մեզ հայտնեց  Ձեր կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանը։ Մինչդեռ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ «Սասնա ծռեր» կուսակցությունից կամավորներով  Արցախ մեկնելու դիմում չեն ստացել։ Կոնկրետ ո՞ւմ եք դիմել։

Ձևական կողմը կարևոր չէ, մնացածը չեմ մեկնաբանում. ժամանակը կգա՝ կխոսենք այդ մասին։

Հավելենք, որ «Սասնա ծռեր» կուսակցության Արցախ մեկնելու թույլտվության դիմումի հետքերով զանգահարեցինք նաև Կառավարություն՝ պարզելու՝ գուցե այնտե՞ղ է մուտքագրվել համապատասխան դիմումը, որտեղից միանշանակ պետք է վերահասցեավորվեր Պաշտպանության նախարարություն։

Կառավարությունից ևս մեզ փոխանցեցին, որ «Սասնա ծռեր» կուսակցությունից արցախյան պատերազմին կամավորագրվելու համար թույլտվություն ստանալու որևէ դիմում չեն ստացել։

Տեսանյութեր

Լրահոս