Մյունխենաբնակ հայերի երթը՝ ընդդեմ գերմանական մեդիաների կողմնակալ լրատվության
Երեկ Բավարիայի մայրաքաղաք Մյունխենի հայերը երթ էին կազմակերպել Բավարիայի Հանրային հեռուստաընկերությունից՝ Bayerische Rundfunk-ից՝ դեպի գերմանական ամենահեղինակավոր թերթերից մեկի՝ Süddeutsche Zeitung-ի խմբագրություն:
Քայլարշավի մասնակիցները պատմում էին, որ գաղափարը ծագել է գերմանական հեղինակավոր լրատվամիջոցների՝ Ադրբեջանի ագրեսիայի միակողմանի, երբեմն՝ սխալ, և նույնիսկ՝ կողմնակալ լուսաբանումներից և մեկնաբանություններից հետո:
«Մեր խաղաղության երթն առաջին հերթին ուղղված է գերմանական մեդիաներին՝ սխալ, ադրբեջանամետ նյութեր հրապարակելու դեմ: Լրատվամիջոցներին հանձնվել են բողոքի նամակներ: Քայլել ենք 6 կմ: Երթին 80-ից ավելի մարդ է մասնակցել»,- ասաց մյունխենաբնակ հայ Արփի Մանիերոն։
Քայլարշավի մասնակիցներից մեկի խոսքով՝ համաճարակի պատճառով իրենք իրավունք չունեին 60-ից ավելի հոգով հավաքվել, սակայն ոստիկանությունն ընդառաջել է հայերին: Քայլարշավի մասնակից տղամարդիկ էլ վստահեցնում էին, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են ֆիզիկապես լինել Արցախում և կանգնել հայրենիքի պաշտպանների կողքին: