«Պապ ջան, ոչ մի բան չկա, ամեն ինչ հանգիստ ա». Արցախում զոհված Վահեի խոսքերն են

Արցախում զոհված 19-ամյա Վահե Արմենակի Մկրտչյանն Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքից էր: Համայնքապետարանի աշխատակիցը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դպրոցն ավարտելուց հետո Վահեն ընդունվել էր Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ:

«Վահեն 1 կիսամյակ սովորեց համալսարանում, այնուհետև մեկնեց ծառայության: Շատ խելացի էր, բազմակողմանի զարգացած, մեր համայնքի բոլոր ծրագրերին մասնակցում էր, բանավեճ ակումբների ակտիվ մասնակից էր, նաև ակումբի նախագահն էր, ակտիվ մասնակցում էր նաև ԵՊՀ-ի ծրագրերին: Վահեն այնքան խելացի էր, որ ոչ միայն մեր համայնքը, այլև մեր հանրապետությունն էր աշխարհին ներկայացնելու»,- ասաց համայնքապետարանի աշխատակիցը:

Նա նաև տեղեկացրեց, որ Վահեն ապրում էր ծնողների և իրենից 2 տարով փոքր եղբոր հետ, պատմեց նաև, որ անընդհատ հետաքրքրվում են իրենց համայնքի այն տղաներով, որոնք այս պահին սահմանում կռվում են, փորձում են տեղեկություն ստանալ:

«Մենք մեր բոլոր զինվորների մասին, որոնք այս պահին կռվի դաշտում են, քննարկում ենք անում, սեպտեմբերի 29-ին հարցրեցինք՝ բա Վահեից լուր կա՞,  պատասխանեցին, որ Վահեն իրիկունն է զանգել, ասել է՝ պապ ջան, ոչ մի բան չկա, ամեն ինչ հանգիստ ա, ու ամսի 30-ի առավոտյան իր մահվան լուրը լսեցինք»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Վահեին զինվորական կարգով հուղարկավորել են հայրենի գյուղում:

Տեսանյութեր

Լրահոս