«Հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել, մեզ հուսահատեցնել. միջազգային տեռորի ձեռագիրն է». Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը վստահ է՝ թշնամին հարվածում է քաղաքներին ու գյուղերին, որովհետև ռազմաճակատում հանդիպում է համառ դիմադրության: Երեկ ադրբեջանական զինված ուժերը երկու անգամ թիրախավորել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Երկրորդ հարվածի պահին այնտեղ եղել են լրագրողներ:

«Եկավ թռավ անօդաչուն, հենց խաչի մեջտեղով խփեց: Վիրավորվեցին ռուս թղթակիցներ: Հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել, մեզ հուսահատեցնել: Միջազգային տեռորի ձեռագիրն է, սա մենք շատ լավ հասկանում ենք: Մի նախագահ՝ տեռորիստ Էրդողանը, պատրաստում է տեռորիստներին, պահում է, ուղարկում է մի ուրիշ տեռորիստ նախագահ Իլհամ Ալիևին, նա էլ  ուղարկում է մարտադաշտ: Մեր դեմ շատ ուժեղ են պայքարում: Մենք ենք, մեր Աստված և մեր բանակը: Մեր 18-20 տարեկան տղաները, իրոք, հերոսների հերոսն են»,- ասաց Արցախի թեմի առաջնորդը:

Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հիշեցրեց, որ թշնամու այսօրինակ պահվածքը նորություն չէ, այսպիսի դեպքեր եղել են նաև 1990-ական թվականներին:

«90-ական թվականներին նրանք թիրախավորել էին Գանձասարը, վնասել էին, գիտեք, Ամարասը, նույնիսկ Գյուլիստանի Ամենափրկիչ եկեղեցին, երբ մեր շահումյանցիներից ոմանք չեն կարողացել փախչել, յոթ հոգու գլուխ կտրել, գցել են խորանի վրա և պայթեցրել են գմբեթը: Բարբարոսների, ահաբեկիչների ձեռագիր է: Մենք մզկիթների ձեռք չենք տվել, նույնիսկ Շուշիի մզկիթը վերանորոգել ենք մեր կարողությամբ»,- ասաց Արցախի թեմի առաջնորդը:

Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը վստահեցրեց՝ ամեն բան վերականգնվելու է, ինչպես եղել է անցյալում:

«Ե՛վ Շուշին ենք վերականգնելու, և՛ Ստեփանակերտը, և՛ մեր գյուղերը, և՛ մեր բոլոր ենթակառուցվածքները: Հիշում եք՝ Շուշին ավերված, Ստեփանակերտի 70 տոկոսը ավերված էր 92-93 թվականներին: Մենք նորոգեցինք, գեղեցկացրինք, անելու ենք, Փյունիկի պես վերհառնելու է մեր երկիրն էլ, ազգն էլ, հայրենիքն էլ, կասկած չկա: Համազգային ուժերով կվերականգնենք»,- ասաց Արցախի թեմի առաջնորդը:

Նա կոչ արեց համախմբվել և գումար հանգանակել, որը մասամբ կօգնի վերականգնել կրած վնասները:

«Լավ կլինի»,- վստահեցրեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս