«Ցավոք, հիմա ՌԴ-ի համար այդքան հեշտ չէ բռունցքով խփել սեղանին, ինչպես 1994թ., և ասել Թուրքիային՝ քաշվիր այստեղից, սա իմ տարածքն է». Անուշ Հովհաննիսյան

«Թեև Էրդողանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հանդիպումը փակ է եղել, բայց թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդրին անդրադարձ եղել է, և Էրդողանը փորձել է կորզել ՆԱՏՕ-ի աջակցությունը: Էրդողանը շեշտը դրել է նրա վրա, որ ՆԱՏՕ-ն միշտ պաշտպանել է տարածքային ամբողջականությունը, օրինակ՝ Ուկրաինայի հարցում, Վրաստանի հարցում, ինչո՞ւ Ադրբեջանի հարցում ՆԱՏՕ-ն նույնպես այդքան հետևողական չէ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ միևնույն ժամանակ հիշեցնելով Թուրքիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում Ստոլտենբերգի այն կոշտ հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի, և կողմերը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները:

«Նա նաև ակնարկ էր արել, որ Թուրքիան պետք է իր ազդեցությունն օգտագործի՝ կանգնեցնելու համար այս ռազմական գործընթացը: Սա կարծես թե Էրդողանի հետ հանդիպմանն էլ է կրկնվել: Այսինքն՝ ինչ-որ ձևով որևէ բան կորզել ՆԱՏՕ-ից այս առումով չի ստացվել: Եթե մենք անդրադառնում ենք Չավուշօղլուի այցին Բաքու, այն ցույց է տալիս, որ հիմնական դերակատարը Թուրքիան է: Բոլոր խնդիրները համաձայնեցվում են Թուրքիայի միջոցով»,- ընդգծեց թուրքագետը:

Անուշ Հովհաննիսյանի խոսքով՝ Թուրքիան ցանկանում է դառնալ տարածաշրջանային թիվ մեկ ուժերից մեկը, բայց ռեսուրսը հերիքում է նրան, որ իր սահմանների բոլոր կողմերում հրահրի կոնֆլիկտներ՝ դրանցում ներգրավելով տարբեր պրոքսի ուժերի. «Այդ տարածվելու հավակնոտությունը նա իրականացնում է ռազմական ուժի միջոցով: Երբ Էրդողանն իր հաշիվները վերջնական մաքրեց Թուրքիայի ներսում բարձրաստիճան զինվորականության հետ, և հատկապես 2016թ. չստացված հեղաշրջման փորձից հետո, մի տեսակ ալյանս է ձևավորվել: Արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ որպես ինստիտուտ, Թուրքիայում քայքայվում է, որովհետև հիմա ալյանս է Էրդողանի և բարձրաստիճան զինվորականության միջև. նրանք են դարձել թիվ մեկ «դիվանագիտական ներկայացուցիչները»: Այդ շեշտադրումը, որ նա արել է ռազմական կոմպլեքսի վրա, Թուրքիայի զարգացման հետաքրքիր փոխակերպում է»:

Թուրքագետի դիտարկմամբ՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին մասնակցելով՝ Թուրքիան անընդհատ ընդգծում է հարցը լուծել նույն ձևաչափով, ինչպես Սիրիայում. «Ինքն իրեն տեսնում է՝ որպես ուժ, որն իրավունք ունի որոշողի դերում հանդես գալ: Այսինքն՝ Թուրքիան ձեռնոց է նետում այն անվտանգային համակարգին, այն բալանսին, ստատուս-քվոյին, որը կա, և դա է պատճառը, որ չի էլ թաքցնում, որ այո, ինքը շահագրգռված է, որ ստատուս-քվոն փոխվի, որ ինքն անընդհատ քննադատում է ԵԱՀԿ ՄԽ-ն, հատկապես՝ Ֆրանսիային, ասելով, որ այդ խումբը ոչինչ չի լուծում, և ինքն իրեն առաջարկում է այդ հարցը լուծողի դերում: Այստեղ ինքը գտավ շատ հարմար մարիոնետ՝ ի դեմք ալիևյան ռեժիմի»:

Անդրադառնալով Ռուսաստանի գործոնին, նա նշեց, որ Ռուսաստանը գիտակցում է այն, որ Թուրքիան իր տարածաշրջանում ոչ միայն իր շահերի մրցակիցն է, այլև հակառակորդ. «Ինչո՞ւ Ռուսաստանը չի ձեռնարկում գործուն քայլեր, և ինչի՞ց է զգուշանում: Իհարկե, Ռուսաստանը դա գիտակցում է, սա Ռուսաստանին բոլորովին դուր չեկող իրավիճակ է, որը, հնարավոր է՝ աղետալի հետևանքներ ունենա, բայց պետք է նկատի ունենանք, որ Ռուսաստանը վերջին շրջանում զգալիորեն թուլացել է: Ռուսաստանը որոշակի խիստ քայլեր պետք է ձեռնարկի Թուրքիայի նկատմամբ, բայց վերջին շրջանում Ռուսաստանն այնպիսի սեթևեթանքների մեջ է մտել Թուրքիայի հետ, իր շահերը սպասարկող այնպիսի պայմանավորվածություններ ունի այլ տարածաշրջաններում, որ այդքան էլ հեշտ չէ որոշում կայացնել: Ռուսաստանը հազար ու մի տնտեսական կապերով է կապվել Թուրքիայի հետ: Ես շատ անհեռանկար եմ գնահատում ռուսական էլիտայի այդ քաղաքականությունը: Օրինակ՝ «Թուրքական հոսք» պրոյեկտի մեջ այդքան փող ներդրեցին, բայց դա չի աշխատում և արդյունավետ չէ, որովհետև ադրբեջանական գազն ու նավթն են գնում Թուրքիա: «Ակկույու»-ի ատոմակայանի կառուցումն ուղղակի անմտություն է, որը Ռուսաստանը միակողմանի ֆինանսավորմամբ է անում, և 20 միլիարդի պրոյեկտ է դա: Ե՞րբ այդ գումարը կվերադառնա՝ հայտնի չէ, և հետո, ուղղակի վտանգավոր է, որովհետև Էրդողանը չի թաքցնում նաև միջուկային զենք ունենալու իր հավակնությունները, իսկ դու միջուկային տեխնոլոգիա ես տալիս քո աշխարհաքաղաքական հակառակորդին: Այսինքն, ցավոք, հիմա Ռուսաստանի համար այդքան հեշտ չէ բռունցքով խփել սեղանին, ինչպես 1994թ., և ասել Թուրքիային՝ քաշվիր այստեղից, սա իմ տարածքն է»:

Միևնույն ժամանակ, նա չի կարծում, թե Ռուսաստանը թույլ կտա, որ Էրդողանն իր ախորժակը շատ ցուցադրի, որովհետև դա հետո շատ ավելի վատ հետևանքներ կունենա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս