«Նահատակված 35-ամյա Արտաշեսը լավ կռիվ է տվել, 20 վիրավոր է իջեցրել դիրքերից, նաև քառօրյայի մասնակից էր». Գյուղապետ

«Արցախում զոհված Արտաշես Կորյունի Ջանիբեկյանը 35 տարեկան էր, ամուսնացած, ունի 2 աղջիկ՝ 2 և 5 տարեկան, տղան էլ դեկտեմբերին կծնվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Այրք համայնքի ղեկավար Արտյոմ Շաբոյանը:

«Արտաշեսը ծնողներ ունի, ունի նաև  իրենից 2-3 տարով փոքր 2 եղբայր, ինքը մեծն էր, եղբայրներից մեկն էլ է կռվի դաշտում եղել, միասին չեն եղել, բայց նույն ուղղության վրա, եղբայրն էլ ոտքից է վիրավորվել: Արտաշեսը շատ լավ, աշխույժ տղա էր, այս օրերին էլ շատ վիրավոր տղերքի է օգնել, մի 20 վիրավորի միայն ինքն է իջեցրել դիրքերից, լավ կռիվ է տվել, նաև քառօրյայի մասնակից էր»,- ասաց նա:

Շաբոյանի բնութագրմամբ՝ Արտաշեսը շատ համեստ էր, աշխատող, բոլորին հասնող: Բանակից զորացրվելուց մի քանի տարի հետո որոշեց, որ պետք է պայմանագրային դառնա, և արդեն 6-7 տարի  առաջ ծառայության էր անցել հայոց բանակում:

Համայնքի ղեկավարն ասաց նաև՝ գյուղից մեկ հոգի էլ է վիրավորվել, որին այդ պահին օգնության է հասել Արտաշեսը.

«Ամսի 29-ին է վիրավորվել, ու հենց Արտաշեսն է իրեն իջեցրել պոստից»:

Այն պահին, երբ համայնքի ղեկավարը մեզ պատմում էր Արտաշեսի մասին, տեղի էր ունենում վերջինի հուղարկավորության արարողությունը:

Տեսանյութեր

Լրահոս