« «Ռեմբոյությունը» սոցցանցերում լավ կլինի ժամանակավորապես սահմանափակվի». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի պնդմամբ՝ հայկական մեդիատիրույթում խուճապի և հուսալքության քարոզը չեզոքացնել հաջողվում է, սակայն մեկ այլ խնդիր է ավելորդ էյֆորիան:

«Էյֆորիան և պաթոսը որոշ դեպքերում հասկանալի է, բայց պետք է ամեն օր ավելի շատ կշռադատված և սառը դատողությամբ շարժվել, որովհետև ամեն դեպքում վիրտուալ պատերազմ չէ, իրական պատերազմ է, առաջնագծում զոհեր են լինում, վիրավորներ են լինում, «ռեմբոյությունը» սոցցանցերում լավ կլինի ժամանակավորապես  սահմանափակվի, և սոցցանցերը սկսեն աշխատել տեղեկատվական ճակատում օգնություն ցուցաբերել պետական մարմիններին, կամ այլ մարմիններին, որոնք դրամահավաք, կարևոր պարագաների հավաք են կազմակերպում, բայց էլի կենտրոնացված պետական մարմինների հետ: Պետք է ոտքը գազից հանել և մտնել ռացիոնալ դաշտ»,- ասաց Քոչարյանը:

Պետական մարմինները պարբերաբար հորդորում են հակառակորդի հրետակոծության հետևանքով ընկած արկերի տեղանքի մասին լուսանկարներ և տեսանյութեր համացանցում չհրապարակել: Ինչ վերաբերում է օտարերկրյա լրագրողների կողմից նման տեսանյութեր տարածելուն, Քոչարյանն ասաց, որ դա լրագրողի մեղքը չէ, այլ վերահսկող մարմնի:

«Լրագրողը ցուցադրում է այն, ինչ տեսնում է, մնացածն արդեն պատկան մարմինները պետք է անեն, կա՛մ բացատրական աշխատանք տանեն, կա՛մ, եթե տեսնում են, որ լրագրողը դուրս է գալիս վերահսկողությունից և ինքնուրույն է շարժվում, զրկել հավատարմագրումից և հեռացնել այն վայրից, որտեղ տեղի են ունենում գործողությունները»,- ասաց մեդիափորձագետը:

Քոչարյանի խոսքով՝ այդ տեսակ տեսանյութերն ուղղորդում են հակառակորդի կրակը: Այս առումով խնդրահարույց էին նաև Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցված Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերի տեսանյութերը: Մեդիափորձագետը վստահեցրեց, որ ադրբեջանական կեղծ էջերն արագ բացահայտվում են:

«Թշնամուն հիմնականում չի հաջողվում կես ժամից երկար խուճապ ստեղծել»,- ասաց Քոչարյանը:

Մեդիափորձագետն ասաց, որ, ինչպես ռազմաճակատում, այնպես էլ մեդիաճակատում, չենք կարող ասել, թե որ կողմն է հաղթում, քանի որ հաջողությունները փոփոխական են: Քոչարյանը վստահեցրեց, որ ոլորտի մասնագետները գիշերները չեն քնում, որ անգամ գիշերը տարածվող ինֆորմացիային կարողանան հակազդել:

«Հայաստանին հաջողվում է իր տեսակետը հասցնել միջազգային հանրությանը, ապացուցել իր իրավացիությունը: Հայաստանը բաց է արտասահմանյան լրագրողների համար, և նրանք Արցախում են աշխատում, ի տարբերություն Ադրբեջանի: Այսինքն՝ հիմնական ինֆորմացիան գալիս է Հայաստանից կամ Արցախից, ու եթե ոչ՝ պրոհայկական, ապա՝ այնպիսի նեյտրալությամբ, որ դրսի կողմը կարողանում է պատկեր ստանալ, որ պատերազմ է գնում նաև խաղաղ բնակչության դեմ: Հոսքը հիմնականում գնում է Հայաստանից և ի օգուտ մեզ»,- ասաց Քոչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս