25-ամյա Արթուրը զոհվել է՝ փրկելով հարազատ եղբոր կյանքը
«Արթուրը 25 տարեկան էր, բանակից զորացրվեց, բայց որոշեց, որ պետք է պայմանագրային զինծառայող դառնա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի ղեկավար Տարոն Քոչարյանը:
Նշենք, որ այսօր Գեղարքունիքի մարզպետարանը հրապարակեց Արցախում զոհված մարզի զինծառայողների անունները, որոնցից մեկն էլ 25-ամյա Արթուր Դերենիկի Երանոսյանն է:
«Արթուրն ապրում էր մոր և մեծ եղբոր հետ, ինքը փոքրն էր: Երկու եղբայրներով ծառայում էին Արցախում, իմիջիայլոց ասեմ, որ այդ պահին իրար հետ են եղել, ախպերը վիրավորվել է, ինքն էլ մահացել է: Ախպերը որ վիրավորվել է, ինքը վազել է դեպի ախպերը, ու այդտեղ կրակել են: Արթուրը հերոս տղա էր, քաջ տղա էր»,- ասաց Քոչարյանը:
Համայնքի ղեկավարից նաև հետաքրքրվեցինք, թե ինչպես է զոհված Արթուրի եղբոր վիճակը.
«Եղբոր անունը Սարո է, հիմա այստեղ է, ախպոր կողքն է: Վզի մասն է վիրավորվել, այդպես կապած եկել և մասնակցում է հոգեհանգստի արարողությանը»: