Բաժիններ՝

Գույքահարկի բարձրացումը պետական բյուջեի վրա որևէ ազդեցություն չի ունենալու ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ոչ էլ 2026 թվականին. Ֆինանսների նախարար

Արդյոք բյուջեի վիճակն այնքան վա՞տ է, որ Կառավարությունը  ստիպված է գույքահարկի բարձրացմամբ բյուջեն լցնել, եթե ոչ, ապա ո՞րն է պատճառը, որ շարքային քաղաքացու վրա հարկային բեռի ավելացում է տեղի ունենում. այսօր ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի այս հարցը Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տարօրինակ որակեց, քանի որ, նրա պնդմամբ, այս օրենքն այսօրվա բյուջեի հետ որևէ կապ չունի:

«Հարկային համակարգի փոփոխությունները մի օրում ծնված կամ ծագած կարիքին արձագանք չի, դա գնահատված, մանրամասն վերլուծության արդյունքում ձևավորված մոտեցումների արտացոլումն է օրենսդրական կարգավորումների մեջ, և ոչ թե այժմեական խնդիր է լուծվում, հատկապես որ, այսօրվա վրա որևէ ազդեցություն այս փոփոխությունը չի ունենալու: Եթե խոսքը վերաբերում է պետական բյուջեին, ապա ընդհանրապես որևէ ազդեցություն չի ունենալու ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ոչ էլ 2026թ.-ին, որովհետև սա համայնքային բյուջեի եկամտային մասն է համալրելու, եթե վերաբերում է համայնքի բյուջեին, ապա այդ տեսակետից այս օրենսդրական փոփոխության ազդեցության առաջին զարգացումը տեղի կունենա 2021-ի դեկտեմբերի 1-ին, այլ կերպ ասած, մինչ այդ, ինչքան էլ լավ կամ վատ լինի բյուջեի վիճակը, դրա վրա այս փոփոխությունն ազդեցություն չի ունենա»,- ասաց Ջանջուղազյանը:

Նախարարը նշեց, որ այդ ազդեցությունն էլ միանգամից չի լինի, այլ աստիճանական՝ 6 տարվա ընթացքում՝ կապված այն հանգամանքի հետ, որ գույքահարկն աստիճանաբար է ավելացվելու: Ջանջուղազյանի խոսքով՝ թեև այս փոփոխությունն այսօրվա բյուջեի հետ կապ չունի, բայց ուղիղ կապ ունի առհասարակ բյուջեի հետ:

«Ոչ թե լավի կամ վատի, այլ ծառայությունների որակի, ծառայությունների ծավալի ընդլայնման հարց է առաջադրված: Ենթադրվում է, որ մարդը՝ ծառայության սպառողը, դժգոհ է ծառայության որակից, բայց պատրաստ չէ դրա համար վճարել, մեծ հավանականությամբ ծառայության որակը չի փոխվի: Մենք կա՛մ փոխում ենք մեր վերաբերմունքը մեր պետության և ինստիտուտների նկատմամբ, և ինքներս ենք մեր խնդիրները լուծելուն լծվում, կա՛մ սպասում ենք, որ որևէ մեկը մեր փոխարեն պետք է դա անի, որը, մեր կարծիքով՝ դատապարտված մոտեցում է»,- ասաց Ֆինանսների նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս