Ամեն ինչ անում ենք, որ փակ փոստային բաժանմունքներ չունենանք․ «Հայփոստը»՝ կորոնավիրուսով վարակված աշխատակիցների մասին
«ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում «Հայփոստի» շուրջ 900 փոստային բաժանմունքներում այս երեք ամիսների ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 41 աշխատակից, որոնցից 34-ն արդեն ապաքինվել են»,- 168.am-ին հայտեց «Հայփոստի» հանրային կապերի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը։
Հարցին՝ կա՞ փոստային բաժանմունք, որը չի աշխատում աշխատողների՝ կորոնավիրուսով վարակված լինելու հետևանքով, Գևորգ Աբրահամյանը պատասխանեց․
«Փոստային բաժանմունքում երբ լինում է վարակակիր՝ փոստային բաժանմունքն այդ պահին անմիջապես դադարեցնում է իր աշխատանքը, անխտիր բոլոր աշխատակիցները երկու շաբաթով մեկուսացվում են, համապատասխան կազմակերպությունը գալիս, ախտահանման աշխատանքներ է իրականացնում։ Կարող է՝ մեկ օր այդ բաժանմունքը չաշխատի, բայց հաջորդ օրը մյուս բաժանմունքներից աշխատակիցներ են գալիս և լրացնում նրանց տեղն ու իրականացնում են աշխատանքներ։ Իհարկե, շատ դժվար է, բայց ամեն ինչ անում ենք, որ փակ փոստային բաժանմունքներ չունենանք։ Նման բան հնարավոր է՝ լինի գյուղական բաժանմունքներում, որտեղ մեկ աշխատող է, բայց այնտեղ էլ, միևնույն է, գտնում ենք փոխարինող, որը գոնե շաբաթվա մեջ մի 2 օրով գալիս, օգնում է»։