«15 տարի անցկացրել եմ այդ շենքում՝ շատ գոհ և շնորհակալ եմ». Վլադիմիր Վարդանյանը ՍԴ անդամ դառնալու ցանկություն չունի

«Սահմանադրական փոփոխությունները կրում են ինստիտուցիոնալ բնույթ, դրանք պայմանավորված չեն ո՛չ անձերով, ո՛չ Սահմանադրական դատարանում քննվող գործերով: Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը կազմել էր հատուկ կարծիք և դա դիտարկում էր՝ որպես դիրքորոշման արտահայտում: Այս փոփոխություններով, ըստ էության, դադարեցվում է  Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորությունները»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ մտավախություններ ունեն հուլիսի 7-ին ՍԴ-ում քննվող Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված, և սահմանադրական փոփոխությունները որքանո՞վ են առնչվում այդ գործի հետ:

Ըստ նրա՝ եթե կասկածներ են առաջացել, որ փորձ է կատարվում այդ գործընթացը կապել հուլիսի 7-ին քննվող գործի  հետ, ապա պետք է դիմել ՍԴ և հետաքրքրվել, թե ինչու այդ գործի վերսկսումը տեղի ունեցավ այժմ, քանի որ Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ-ի որոշումը շատ ավելի վաղ էր եկել:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին խորհրդարանն ընդունեց սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը, ըստ որի՝ 12 տարի պաշտոնավարած ՍԴ անդամները պետք է թողնեն պաշտոնը:

Անդրադառնալով ՍԴ նոր անդամների թեկնածուներին, Վլադիմիր Վարդանյանը վստահեցրեց, որ այդ թեկնածուների մեջ ինքը չկա: «Ինքս 15 տարի անցկացրել եմ այդ շենքում, շատ գոհ և շնորհակալ եմ, լավ տարիներին էին, շատ եմ այնտեղ սովորել և՛ դատավորներից և՛ աշխատակազմից, բոլորին շնորհակալ եմ: Այդ ինստիտուտը պաշտպանում եմ, սակայն մտածում եմ, որ, եթե մարդը մտել է քաղաքականության մեջ, դատական իշխանությունների հետ պետք է առնչություն չունենա: Թեկնածուներին համապատասխան կառույցները կներկայացնեն, և մենք կքննարկենք»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս