««Բարսելոնան» պետք է մտածի իր մասին, ոչ թե «Ռեալի»»․ Սետյեն
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենն ամփոփել է Իսպանիայի առաջնության «Ատլետիկի» դեմ հանդիպումը (1։0):
«Մեզ պետք էր հաղթանակ, ինչպես բոլոր խաղերում: Ակնհայտ է, որ այս իրավիճակում ավելի լավ է հնարավորինս քիչ սխալներ թույլ տալ: Մենք վաստակեցինք երեք միավոր, հիմա պետք է սպասել մեր անմիջական մրցակցի խաղի արդյունքին:
Առաջին խաղակեսում մենք գնդակի հետ մի փոքր անփույթ գործեցինք, կորցրեցինք այն, դա մեզ թանկ արժեր: Մենք չկարողացանք գտնել այն ճկունությունը, որին մենք սովորաբար տիրապետում ենք: Երկրորդ խաղակեսում ավելի հանդարտ էր, թիմը շատ ավելի լավ խաղաց: Անսու Ֆատիի և Ռիկի Պուչի ելքը մեզ ակտիվացրեց: Մենք սկսեցինք ավելի երկար տիրել գնդակին: Ես գոհ եմ երկրորդ խաղակեսից, բայց կարծում եմ, որ դեռ աճելու տեղ կա:
Դա հեշտ չէր: Երբ հակառակորդը քիչ տեղ է թողնում, պետք է վարվել խելամիտ և ճշգրիտ:
Մենք պետք է անենք այն, ինչ նախկինում արեցինք: Մտածելով ոչ թե այն մասին, թե ինչ է անում հակառակորդը, այլ այն, ինչ մենք ենք անում: Մենք արդեն անցկացրել ենք անընդմեջ հինգ չոր հանդիպում, ինչը զգալի արժանիք է: Մենք հաղթեցինք այս բոլոր հանդիպումները, բացառությամբ մեկի: Կան պահեր, որոնք պետք է բարելավենք, բայց ընթացքը լավ է»,- ասել է Սետյենը:
Սիրարփի Աղաբաբյան