«Սարերի հետևում չէ այն օրը, երբ Մանվել Գրիգորյանի խոշտանգման և դաժան վերաբերմունքի համար ՄԻԵԴ-ն իր ուրույն գնահատականը կտա». Փաստաբան

«Իմ պաշտպանյալը գտնվում է անօգնական վիճակում այնքանով, որքանով բուժում չի ստանում։ Հայաստանում, ըստ բժիշկների գրության, ստանում է միայն հիվանդությունները կոնսերվացնելու բուժումներ, մասնավորապես՝ տասնյակների հասնող հիվանդությունները կոնսերվացնում են համապատասխան դեղամիջոցներով։ Արդեն տևական ժամանակ է, որ առողջության հետ կապված բուժում չի ստանում, որովհետև տևական ժամանակ ստանալով  բուժում, նրա առողջական վիճակը ոչ միայն չբարելավվեց, այլև հիվանդություններն ավելացան»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, նա կորցրել էր գիտակցությունը։

Փաստաբանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի հիվանդությունների պատմության մեջ  կարմիր գծի նման գնում է, որ վերջինս ստանում է բուժում, սակայն նրա հիվանդություններն ավելանում են։

«Կրկնում եմ՝ Մանվել Գրիգորյանը գտնվում է անօգնական վիճակում, և ըստ էության նրա նկատմամբ  դաժան վերաբերմունք է ցուցաբերվում՝ չթույլատրելով, որպեսզի գնա և արտերկրում ստանա իր բուժումը»,- հավելեց Լ. Բաղդասարյանը։

Փաստաբանը տեղեկացրեց, որ նախորդ դատական նիստում ներկայացրել են միջնորդություն, որտեղ ապացույցներն ավելի քան ակնհայտ են եղել առ այն, որ Մանվել Գրիգորյանն իր բուժումը պետք է ստանա արտերկրում։

Ներկայացրել են նաև համապատասխան տեղեկանք այն կլինիկայից, որտեղ ուսումնասիրել են Մանվել Գրիգորյանի հիվանդությունները և հայտարարել են, որ Գրիգորյանին պետք է անհապաղ տեղափոխեն իրենց մոտ՝  հետագա բուժման և հետազոտման համար։

«Դատարանը ոչ միայն մեր միջնորդությունը մերժեց, այլ նաև գտավ, որ դատական ակտը, որպես այդպիսին, պետք է արձանագրային լինի, որից հետո պաշտպանական թիմին զրկեց վերադաս դատական ատյաններ բողոքարկելու իրավունքից։ Դատարանն այն աստիճանի է կաշկանդված, այնքան է վստահ, որ առերևույթ կատարած անօրինականությունների համար չի պատժվի, որ դատական ակտը մեզ թղթային ձևով չտվեց, որպեսզի մենք բողոքարկենք»,- նշեց փաստաբանը։

Ըստ Լևոն Բաղդասարյանի՝ այս ամենից հետո պաշտպանական կողմը հաջորդ օրը գրավոր ներկայացրել է իր դիտարկումները, որի մի օրինակն էլ ուղարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

«Մեկ անգամ չէ, որ փաստում եմ՝ սարերի հետևում չէ այն օրը, երբ Մանվել Գրիգորյանի խոշտանգման և դաժան վերաբերմունքի համար ՄԻԵԴ-ն իր ուրույն գնահատականը կտա։ Ամփոփելով խոսքս` ասեմ, որ այսօր Գրիգորյանը գտնվում է անօգնական վիճակում և չի ստանում այն համապատասխան բժշկական միջամտությունը, որը, ունենալով այդ հիվանդությունները՝ պետք է ստանար»,- եզրափակեց փաստաբանը։

Տեսանյութեր

Լրահոս