«Նիկոլ Փաշինյանին սպասվում են ոչ նախանձելի ժամանակներ». Նաիրա Կարապետյան

ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանի կարծիքով՝ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի մտահոգությունները Հայաստանում գրանցված ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ և իշխանությանն ուղղված կոչը՝ չճնշել ընդդիմադիրներին, անհետևանք չեն մնա:

«Ինքս շատ ցավով կարդացի և ամաչեցի նրա համար, որ տարիների ընթացքում մեր ձեռք բերված գործընկերային համբավը և հեղինակությունը, իսկ Հայաստանը միշտ դիտվել է՝ որպես արժեքների կրող համագործակցող գործընկեր, այդ ամենը այսօր այն աստիճանի է ոտնահարվել, փոշիացվել, որ անգամ ԵԺԿ-ն մտահոգություն է հայտնում և մեզ հետ խոսում այնպիսի տեքստերով, որոնք մենք սովոր ենք եղել լսել հարևան պետության հասցեին: Բնականաբար, սա չի կարող անհետևանք լինել, և լավագույն հետևանքը կլինի, որ իշխանությունները սրանից հետևություններ անեն և դադարեն մեր երկրի հեղինակության հետ նման խաղեր խաղալ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նկատեցինք, որ իշխանություններն ըստ էության արձագանքել են, և մեջբերեցինք ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետևյալ հայտարարությունը. «Ես սա կապում եմ այն չգրված կանոնի հետ, որ ԵԺԿ ղեկավարը մշտապես պաշտպանում էր իրենց խմբին անդամակցող կուսակցությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին: Կարծում եմ՝ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին, և Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ զբաղվելու համար, կարծում եմ՝ կան ավելի մասնագիտացված անձինք: Տուսկը Հայաստանը տեսնում է Սերժ Սարգսյանի աչքերով, որն իրականությունից կտրված և արդարադատության սպասող աչքեր են»:

Նաիրա Կարապետյանի դիտարկմամբ՝ հենց Ալեն Սիմոնյանը պետք է ավելի զուսպ լինի և նման կարծիք հնչեցնելուց առաջ հաշվի առնի, որ եվրոպական հեղինակավոր կառույցներում՝ ԵԽԽՎ-ի, ԵՄ-ի հետ համագործակցության բոլոր խորհրդարանական ձևաչափեր, ԵԺԿ-ն զբաղեցնում է մաժորիտար դեր, և ԵԺԿ-ի կարծիքը շատ ժամանակ լինում է դոմինանտ Եվրոպայի երկրների հետ Հայաստանի հարաբերություններում. «Երկրի ոչ վերջին պաշտոնյայի կողմից հնչեցված նման արտահայտությունը և խիստ անձնավորելը խոսում է միայն ոչ պրոֆեսիոնալիզմի և, այդ համատեքստում՝ ոչ հեռատեսության մասին: Ի վերջո, մի օր այս իշխանությունները պետք է հասկանա՞ն, որ գլխավոր նպատակը պետությունն է: Պետականամետ հայտարարությունների, հավատացեք, վերջին երկու տարում ես չեմ հանդիպել»:

Անդրադառնալով ներքաղաքական հարցերին և ԲՀԿ-ից հնչող հայտարարություններին, թե ժողովրդի կողմից մերժված ուժերի, նախկինների հետ չեն համագործակցելու, նա ասաց, որ մերժված ուժեր գոյություն չունեն. «Ցանկացած քաղաքական ուժ, թեկուզ՝ ամենանորը, ունի ժողովրդի իր աջակցությունը, և տոկոսային հարաբերակցությամբ վերցնել, թե սա ժողովուրդ է, սա՝ ժողովուրդ չէ, ամենամեծ սխալն է, որ կարելի է անել: Ես հույս ունեմ, որ ԲՀԿ իմ գործընկերները, ի վերջո, կընդունեն, որ ցանկացած կուսակցության ընտրող ժողովրդի մաս է կազմում, և ժողովուրդը չի մերժել որևէ ուժի»:

Ճշտող հարցին՝ ՀՀԿ-ին ժողովուրդը չի՞ մերժել, նա պատասխանեց. «ՀՀԿ-ն ունի իր ընտրողը, առնվազն 2018թ. ընտրություններում մենք ֆիքսեցինք այդ տոկոսը, որի իրավացի լինելու հանդեպ ես ունեմ իմ վերապահումները, բայց անգամ այդ իրավիճակում, երբ ամեն ինչ թարմ էր, էյֆորիան նոր էր, ոգևորությունները և խոստումները դեռ կոտրված չէին, ժողովուրդն ուներ սպասելիքներ, անգամ այդ պայմաններում ՀՀԿ-ն ունեցավ ընտրողներ»:

Նաիրա Կարապետյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը փողոցով է եկել իշխանության և ամեն ինչ կանի, որ փողոցով չհեռանա իշխանությունից. «Այդ ամեն ինչ անելը ենթադրում է բռնի ճնշումներ, որոնք ունեն սովորություն շատացնելու դժգոհությունը, որն առանց այն էլ կա: Նիկոլ Փաշինյանին սպասվում են ոչ նախանձելի ժամանակներ և ոչ նախանձելի որոշումներ: Ես 5-րդ գումարման ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հետ 5 տարի աշխատել եմ և իրեն ճանաչել եմ հոգում որպես հայրենասեր մարդ: Ես մեծ հույս ունեմ, որ այդ հայրենասեր մարդը Նիկոլ Փաշինյանի հոգում կարթնանա, և նա չի տանի ժողովրդին այն բախումներին, որոնք կանխատեսվում են: Բայց իմ ընկերները, ընդհանրապես, ասում են, որ ես անուղղելի լավատես եմ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս