«Պատմության մեջ չկա, որ այս հոդվածով՝ ընտրակաշառքով, մարդ կալանավորեն». Ծառուկյանին կալանավորելու որոշումը կհրապարակվի  հունիսի 21-ին

«Դատարանը դեռ չի որոշել, գնացել է որոշելու մինչև կիրակի օրը». ավելի քան 6 ժամ տևած դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ավարտվեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ներկայացրած միջնորդության քննությունը: Սա այս գործով արդեն երրորդ դատական նիստն էր: Առաջին նիստում փաստաբանները, որոնք նոր էին ընդգրկվել պաշտպանական թիմում, ժամանակ էին խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար, երեկ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել, որը մերժվեց: Այսօր խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննության 2-րդ օրն էր: Գագիկ  Ծառուկյանին մեղադրանք է առաջադրված կաշառք տալուն օժանդակելու համար:

«Այս հոդվածով մինչև այսօր կա, որ, ասենք թե, ինչ-որ տույժ-տուգանք վճարած լինեն, ես չգիտեմ, բայց ինչ-որ կալանավորելու, ինչ-որ ձերբակալելու միջնորդություն ներկայացնեն Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին, ԱԺ երկրորդ քաղաքական ուժին ընդդիմադիր… Միայն մի հայտարարություն եմ ուզում անել, եթե էս երկրի էս վիճակը, համաճարակի տարածումը, աղքատությունը  տնտեսական, ասենք թե, անկումը, ես մեղավոր եմ, պատճառը ես եմ, ես պատրաստ եմ ինքնակամ գնալու, ասենք թե, ոնց ասեմ, այդ պատիժը կրելու, բայց սա, ես նորից եմ ձեզ ասում, իմ համար շատ զարմանալի է ամեն ինչը: Գնացեք դատարանին հարցրեք՝ բոլորը օրենքի առաջ հավասա՞ր են, թող, ասենք, որոշումը կայացնեն, պատմության մեջ չկա, որ այս հոդվածով՝ ընտրակաշառքով, մարդ կալանավորեն»,- ասաց Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանն այս գործընթացների հենց սկզբից պնդում էր, որ տեղի ունեցողը քաղաքական ենթատեքստ ունի, փորձ է արվում իրենց լռեցնել: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ Ծառուկյանը նույնը չէր ասում այն ժամանակ, երբ իրենք գործադրի մաս էին կազմում, ու իր հետ առնչվող մարդկանց նկատմամբ քրեական գործեր կային, ԲՀԿ ղեկավարն արձագանքեց.

«Ես կասկածում էի, բայց իրավունք չունեի դա արտահայտելու, ասենք թե, ես միշտ մտածում էի, որ քննությունը կատարվի, բայց էսօր ես ձեզ նորից եմ ասում, ինչ որ ասացի»:

Տեսանյութեր

Լրահոս