«Սա մտնում է կոշտ վարկաբեկման տրամաբանության մեջ». Արման Աբովյանը՝ գետում հայտնված ԲՀԿ-ի անդամատոմսերի մասին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի խոսքով՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու և Սահմանադրական դատարան դիմելու իրենց նախաձեռնությունների հետ կապված՝ ԼՀԿ-ի հետ ընթանում են կոնստրուկտիվ բանակցություններ:
«Քաղաքական պրոցես է գնում, թույլ տվեք չմանրամասնեմ: Ոչ մենք, ոչ մեր գործընկերները նախապայմաններով չենք խոսել, դրանով մեկտեղ՝ հարգանքով եմ վերաբերվում պարոն Մարուքյանի կարծիքին, որ իրենց խմբակցության անդամը պետք է լինի ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը: Կրկնում եմ, որևէ մանրամասն այս պահին չեմ հաղորդի, գնում է քաղաքական գործընթաց: Նույնը՝ ՍԴ դիմելու մասով, գնում է ակտիվ, նորմալ ընթաց, կարծում եմ՝ պրոցեսի ավելորդ նյարդայնացման իմաստ չկա»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն նախաձեռնել է ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով, որպեսզի քննի կորոնավիրուսի դեմ պայքարի, դրա տարածման տեմպերը նվազեցնելուն ուղղված աշխատանքները, ինչպես նաև դիմել ՍԴ՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքներ անցկացնելու իրավաչափության հարցը:
168.am-ի հարցին, որ ԲՀԿ-ի բազմաթիվ անդամատոմսեր հայտնվել են գետում, ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ տեղեկություններ ունի, Արման Աբովյանը պատասխանեց, որ իշխանությունները շարունակում են տեղեկատվական լկտի գրոհները, ինչը մտնում է նորմալ կոնտեքստի մեջ:
«Այն մեթոդներով, որոնցով նրանք աշխատում են, ցուցումները, որոնք ստանում են, այնքան կանխատեսելի էին, որ բնավ նույնիսկ մեկնաբանելու թեմա էլ չկա: Սա մտնում է այդ կոշտ վարկաբեկման տրամաբանության մեջ, որն այսօր իշխանությունները կատարում են, որովհետև տարբերակ չունեն: Դրանով փորձում են ինչ-որ մի ձևով քողարկել քաղաքական հետապնդումները»,- շեշտեց նա:
Պատգամավորը վստահեցրեց, որ ԲՀԿ-ից անդամների արտահոսք չկա:
Ըստ նրա՝ վերջին մի քանի օրերի ընթացքում 4000-ից ավելի մարդ դիմել է, որպեսզի ընդգրկվի կուսակցության շարքերում:
«Այսօր այն, ինչ կատարվում է` ոչ թե վերաբերում է միայն կուսակցությանը կամ պարոն Ծառուկյանին, դա գլոբալ, պետական խնդիր է, որովհետև այն ճանապարհը, որն ընտրել է իշխանությունը, տանում է ոչ թե դեպի անդունդ, այլ դեպի կոլապս»,- հավելեց Արման Աբովյանը:
Նա նաև ընդգծեց, որ, եթե նախկինում երկիրն ուներ սոցիալ-տնտեսական կոլապս, ապա այսօր կա ակնհայտ քաղաքական ճգնաժամ, որի միակ մեղավորն իշխանություններն են:
168.am-ի հարցին՝ ինչպե՞ս են տեսնում այս ամենի հագուցալուծումը, Արման Աբովյանը պատասխանեց, որ վաղ թե ուշ ճշմարտությունը հաղթելու է, քանի որ սցենարների զարգացումները բազմաթիվ են, և կարելի է շատ բաների մասին խոսել, ենթադրել: Սակայն այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, դրանք արդեն շատ վատ հետևանքներ են առաջացրել երկրի իմիջի և առհասարակ քաղաքական զարգացումների առումով:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում