«Ես չեմ պատկերացնում այլ գործիք, քան մարդկանց գիտակցության վրա հենվելը». Արսեն Թորոսյան
Կառավարության նիստում երկրում կորոնավիրուսային իրավիճակին անդրադարձավ նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ, եթե կենտրոնական փողոցներում ու աշխատանքի վայրերում մեծ հնարավորություն կա վերահսկելու դիմակներ կրելու ու սոցիալական հեռավորությունը պահպանելու պահանջի կատարումը, ապա բակերում, «սպալնի շրջաններում» շատ դժվար է վերահսկողություն իրականացնել:
«Ես չեմ պատկերացնում այլ գործիք, ինչքան ուզում ա ոստիկանական ուժերը մեծացնենք, քան մարդկանց գիտակցության վրա հենվելը: Եվ հաճախ հնչող էդ տեսակետը, որ, օրինակ, փողոցում, մենք հիմա էլ ենք լսում, «ինչո՞ւ եք պարտադրում փողոցում դիմակ կրել, դա այնքան էլ չի պաշտպանում», մենք, իհարկե, ապացուցել ենք, որ պաշտպանում է, նաև այլ երկրների փորձով, բայց դե, երբ մենք ինքներս նայում ենք, օրինակ, զրուցարանում նստած մեր տարեց քաղաքացիների նարդի խաղալուն, ինչքան էլ դա տրիվիալ հնչի, միայն դիմակն է, որ իրանց պաշտպանելու ա: Ուրիշ ոչինչ չի պաշտպանելու իրանց իրար վարակելուց և հետո ծանր ռեանիմացիայում հայտնվելուց: Էս պարզ գիտակցմանը մենք մինչև չհասնենք՝ երևի ամբողջ ազգաբնակչության մոտ, չենք կարողանալու դիմակայել էս մարտահրավերին»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Առողջապահության նախարարը նաև հայտնեց, որ առավոտյան 09:00-ի դրությամբ 143 քաղաքացի COVID կենտրոններում հոսպիտալիզացվելու կարիք ունի, նրանցից 25-ը գտնվում են տանը:
«Նրանցից 9-ը թեթև ծանրության են, բայց կարիք ունեն հոսպիտալիզացիայի, 16-ը՝ միջին ծանրության են։ Բարեբախտաբար, 80 և ավելի ցածր թթվածնի պարունակությամբ քաղաքացիներ, որոնք համարվում են ծանր, չունենք այս պահին տանը։
Սակայն ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք գտնվում են այլ բժշկական կենտրոններում, որտեղ նեղ մասնագիտացված կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում չի իրականացվում, և կարիք ունեն տեղափոխման իմ ասած ուղղվածությամբ հիվանդանոցներ։ Այս թիվը օրվա ընթացքում հիմնականում տատանվում է, մենք վերջին օրերին ունեցել ենք մինչև 200, ունեցել ենք ավելի քիչ։ Բայց միտում՝ իջնելու կամ զրոյանալու, չկա»,- ասաց Թորոսյանը:
Արսեն Թորոսյանը խոսեց նաև մահճակալային ֆոնդի ավելացման մասին, ասաց, որ արդեն կա 263 ռեանիմացիոն մահճակալ, որ տրամադրված է միայն կորոնավիրուսային հիվանդներին՝ նկատելով, թե երկու շաբաթ առաջ դրանք 200 էին:
«Միևնույն է, ազատ տեղեր պրակտիկորեն չկան։ Այսինքն՝ հատուկենտ ազատ տեղեր են, և հաշվետվությունների կազմման պահին իրանք ազատ են, բայց ես հիմա, որ հրապարակեմ, ես վստահ չեմ՝ էս պահին իրանք ազա՞տ են, թե՞ չէ, որովհետև դրանք շատ արագ են ծանրաբեռնվում, և մեր բժիշկները շատ արագ փորձում են թեկուզ մի թեթև ծանրացող պացիենտին արագ տանել ռեանիմացիոն բաժանմունքներ, որպեսզի կանխարգելեն վատացումը։
444 հոգի ունենք ծանր վիճակում գտնվող, և 131՝ ծայրահեղ ծանր վիճակում, որից 39-ը՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի վրա»,- ընդգծեց Թորոսյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում